ՔՏՀԱ տեսչական մարմինը Վարդենիսում ապօրինի շինաշխատանքների գործով դիմել է դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

դատ.

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ՀՀ Գեղարքունիքի տարածքային բաժնի մասնագետների կողմից ուսումնասիրություն է կատարվել Վարդենիս համայնքի Լեռնագործների 1/2 բազմաբնակարան շենքի հարեւանությամբ իրականացված եւ Լեռնագործների 3 հասցեներում շինարարական աշխատանքների նկատմամբ։ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնում է, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված հասցեներում իրականացվում են շինարարական աշխատանքներ՝ առանց սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տրամադրված շինարարության թույլտվության։

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի պահանջներով՝ ստուգումների արդյունքում գրություններ են ուղարկվել Վարդենիս համայնքի ղեկավար Ա․ Մելքոնյանին, որով նա տեղեկացվել է, որ համայնքի նշված երկու հասցեներում կատարվում են ապօրինի ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Գրությամբ համայնքի ղեկավարը նաեւ տեղեկացվել է, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել տվյալ շինաշխատանքները դադարեցնելու, օրենքով սահմանված կարգով դրանց հետեւանքները վերացնելու, որից հետո արդյունքների մասին ՔՏՀԱ Տեսչական մարմնին տեղեկացնելու վերաբերյալ:

2020թ․ մայիսի 18-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարից ստացվել է գրություն՝ համաձայն որի նշված հասցեներում շինարարական աշխատանքները դադարեցվել են եւ սեղմ ժամկետում օրենքով պահանջվող փաստաթղթերը կներկայացվեն Տեսչական մարմին։

Սակայն նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել ապօրինի շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։

2020թ․ հունիսի 4-ին Տեսչական մարմնի կողմից համայնքի ղեկավարին ուղարկվել է արդեն երկրորդ գրությունը, որպեսզի վերջինս ապահովի ինքնակամ շինարարությունների անհապաղ դադարեցումը եւ օրենքով սահմանված կարգով ձեռնարկի համապատասխան միջոցառումներ, ինչը կրկին չի իրականացվել եւ մինչ օրս մնացել է անպատասխան։

Ելնելով վերոգրյալից եւ հիմք ընդունելով արձանագրված խախտումների բնույթը, ՔՏՀԱ տեսչական մարմինը համապատասխան նյութեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս