Դատավոր Դավիթ Գրիգորյանի քրգործը կարճվել է. որոշումը կայացնողը դատավոր Դավիթ Բալայանն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

դավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի, նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է: Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը, որին էլ նախաքննության ավարտից և դատարան ուղարկելուց հետո մակագրվել է գործը:

Որոշման համաձայն՝ Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, վերացվել է:

Թե ինչ հիմքով է դատարանը նման որոշում կայացրել, հայտնի չէ:

Նշենք նաև, որ դատարանի որոշմանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը`գրելով, որ այդ մասին մամուլից է տեղեկացել, և դատական ակտ դեռևս չի ստացել:

«Այսօր երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը և շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարցվեց։

Ցավակցում ենք ՀՔԾ-ին և դատախազությանը»,- գրել է պաշտպանը:

Հիշեցնենք՝ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019-ի մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել, նրան մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ քրգործով, այն է՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին: Դավիթ Գրիգորյանի լիազորությունները հուլիսից կասեցվել էին: 

--0—ԼՄ