Դատարանը Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ սանկցիա է կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News   

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստում դատարանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպաններին, ովքեր չէին ներկայացել նախորդ դատական նիստին, քանի որ հունվարի 9-ին տուժողի իրավահաջորդի կողմից պաշտպանների հասցեին հնչեցվել էին սպառնալիքներ, իսկ դատարանը պատշաճ չէր արձագանքել միջադեպին:

Դանիբեկյանի պաշտպանների պատճառաբանությունից հետո պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու որոշում է կայացրել։

«Պաշտպանի դատավարական պարտականությունն է ներկայանալ դատական նիստերին և իրականացնել պաշտպանյալների շահերի պաշտպանությունը: Պաշտպանի դժգոհությունը դատարանի կամ դատավարության մասնակիցների գործողություններից չի կարող արդարացնել վերջինիս կողմից այդ պարտականությունը չկատարելը»,- ասել է նախագահող դատավորը:

Նա նշել է, որ դատարանն արձանագրում է՝ պաշտպանների վարքագիծը միտված էր դատական նիստը խոչընդոտելուն, քանի որ պաշտպանների դիրքորոշումներից ակնհայտ է, որ առկա չէր դատարան չներկայանալու պատճառ:

«Դատարանն արձանագրում է, որ պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի, Արամ Օրբելյանի, Հայկ Ալումյանի, Ռոբերտ Սահակյանի, Արամ Վարդեվանյանի, Էրիկ Ալեքսանյանի և Վարդգես Գևորգյանի կողմից չարամտորեն չեն իրականացվել իրենց դատավարական պարտականությունները, ինչն արտահայտվել է սույն թվականի հունվարի 21-ին դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայանալով, ինչի հետևանքով խոչընդոտվել է գործի քննության բնականոն ընթացքը: Այդ պատճառաբանությամբ դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որոշեց կիրառել դատական սանկցիա` նկատողության տեսքով»,- ասել է Դանիբեկյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս