«Իմ քայլի» պատգամավորի ներկայացրած նախագիծը հակասահմանադրական է․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News   

Նաիրա Զոհրաբյան

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագիծը հակասահմանադրական, հակաիրավական թուղթ է, այնտեղ օրենսդրական նախաձեռնություն չկա, որը նպատակ ունի Սահմանադրական դատարանը խաղից դուրս թողնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ Զոհրաբյանի՝ եթե փետրվարի 6-ին այս նախագիծն անցնի, լրջագույն հետևանքներ կլինեն․

«Ես գրեթե վստահ եմ, որ անցնելու է, այն իսկապես բերելու է լրջագույն հետևանքների և ծանր ձևախեղումների, ինչի մասին այս օրերին խոսում են նաև շատ իրավաբաններ՝ Գագիկ Ղազինյանը, Գևորգ Դանիելյանը, բոլորը: Չկա որևէ սահմանադրագետ, լուրջ իրավաբան, որը զգոնության կոչ չանի ու չհորդորի այդ նախագիծն ուղղակի չքննարկել»։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի երեկվա հայտարարությանը՝  Հայաստանի բոլոր քաղաքացիներն իրենց լիազորել են ՍԴ հարցը լուծել՝ Զոհրաբյանն ասել է, թե որևէ քաղաքական ուժ ամբողջ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի․

«Ես էլ  եմ ՀՀ քաղաքացի և ես որևէ մեկին չեմ տվել մանդատ՝ լուծելու ՍԴ թնջուկը: Ավելին, ես գտնում եմ, որ մեր երկրում ավելի կարևոր հարցեր կան, քան՝ արհեստականորեն օրակարգ բերված այդ հարցը»։