Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները կրկին կհանդիպեն․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական քննարկումը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում լինելու է դատավորների եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամների տարիքային եւ այլ ցենզերի՝ օրենսդրական մակարդակում սահմանման կարգի քննարկումը:

Սակայն, մեր տեղեկություններով, այս պահին դեռեւս հստակություն առկա չէ, թե ինչ մոդել կքննարկվի, եւ ի վերջո տարիքային ինչ ցենզի վրա կանգ կառնի հանձնաժողովը:

Նշենք, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները որոշել են յուրաքանչյուր շաբաթ օր հավաքվել եւ ոչ միայն հարցեր քննարկել, այլեւս որոշում կայացնել եւ դա ներառել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, ինչպես դա եղավ նախորդ շաբաթ:

Բանն այն է, որ մինչեւ այժմ հանձնաժողովը միայն երեք որոշում է կայացրել՝ կառավարման համակարգի պահպանում, կայուն մեծամասնության վերացում եւ Գերագույն դատարանի ստեղծում: Սակայն նկատենք, որ այս հանձնաժողովն աշխատում է փետրվարից, եւ որոշել են ավելի ակտիվ աշխատել եւ որոշումներ կայացնել, որպեսզի տեղավորվեն ժամկետներում: Նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգը կհրապարակվի հոկտեմբերի վերջին, որին հաջորդող քննարկումներից հետո՝ մինչեւ տարեվերջ, պատրաստ կլինի վերջնական հայեցակարգը:

Իսկ նախագիծը հանրաքվեի դնել հնարավոր կլինի, ամենայն հավանականությամբ, 2021-ի ամռանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ