Մանրամասներ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստից․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստից: Մենք տեղեկացանք, որ այս անգամ միանգամից երկու զեկույց է քննարկվել, եւ կրկին բուռն քննարկում է ծավալվել հարցերի վերաբերյալ:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է արդեն դեկտեմբերին ներկայացնի հայեցակարգը, եւ հենց դա է պատճառը, որ արդեն նիստերի ժամանակ երկուական զեկույց է քննարկվում, նաեւ քվեարկության դրվում: Եվ ավելին՝ նիստերին զուգահեռ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նաեւ հանրային քննարկումներ է անցկացնում եւ փորձում հասկանալ, թե ինչ դիրքորոշումներ կան արդեն ընդունված որոշումների շուրջ:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած նիստում քննարկվել են իշխանությունների բաժանման սկզբունքի, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերի նկատմամբ սահմանադրական վերահսկողության հարցը:

Մեր տեղեկություններով՝ սա եւս քննարկումներից առաջնայինն է, թե ինչպես հավասարակշռել միջազգային պայմանագրերն ու Սահմանադրությունը, որին տալ գերակայություն: Սակայն այս հարցերի վերաբերյալ հանձնաժողովը չի կարողացել վերջնական եզրահանգման գալ, եւ որոշում են կայացրել քննարկումը շարունակել հաջորդ նիստին: Հավելենք, որ հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը կրկին բացակայել է նիստից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ