«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

հհ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է «Մեծ յոթնյակի» հայտարարությանը՝ խիստ ողջունելի համարելով փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի՝ Ադրբեջանին ուղղված պահանջի ձևակերպումը, որը կարող է և պետք է դառնա միջազգային իրավունքի արտահայտման և գերակայման առաջին ցուցիչը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. ««Մեծ յոթնյակի» արտգործնախարարները հանդես են եկել Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչով՝ պահպանելու լիակատար հանձնառությունը խաղաղության գործընթացին։

Արտգործնախարարներն անընդունելի են համարել հետագա էսկալացիան։ Վերջիններս նաև կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը:

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների անհանգստությունը տարածաշրջանային խնդիրների առնչությամբ։ Սակայն, մենք հարկ ենք համարում հավելելու, որ Հայաստանը չէ էսկալացիայի չդիմելու հորդորի հասցեատերը, որովհետև հակամարտության պատմության ողջ ընթացքում Հայաստանը երբևէ հանդես չի եկել էսկալացիա հրահրողի դերում, ի տարբերություն Ադրբեջանի, որը կրում է բոլոր պատերազմների և սահմանային սրացումների ողջ պատասխանատվությունը։

Ցանկանում ենք հիշեցնել նաև, որ Ադրբեջանի նախագահը քանիցս հանրայնորեն շեշտել է պատերազմապաշտական իր համոզմունքների և ռազմական ուժով խնդիրների լուծման պրակտիկայի նպատակային կիրառման մասին, ինչը Ադրբեջանի հրահրումներն ու սադրանքները դարձնում է պարզապես անքննելի։

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից և անաչառ կերպով քննի, Մասնավորապես, վերջին տարիների իրողությունները։

Այնուհանդերձ, խիստ ողջունելի է փախստականների և տեղահանված անձանց անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պահանջի ձևակերպումը, որը կարող է և պետք է դառնա միջազգային իրավունքի արտահայտման և գերակայման առաջին ցուցիչը։ 2020 թ․ ի վեր Ադրբեջանը որևէ քայլ չի կատարել բռնի տեղահանվածների՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո միջազգայնորեն երաշխավորված վերադարձի ապահովման ուղղությամբ։ Փոխարենն Ադրբեջանը սկսել է Լեռնային Ղարաբաղում կամայական և միակողմանի բնակեցման որևէ կերպ չվերահսկվող և իրավականորեն չհիմնավորված գործընթաց։

«Մեծ յոթնյակի» արտահայտած մտահոգությունները չպետք է սահմանափակվեն միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 150 հազար բնիկ էթնիկ հայության իրավունքների վերականգնման հրամայականով։ Դրանք պետք է ընդգրկեն նաև 1988-1992 թ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության բռնի տեղահանման, Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի, Գանձակի և հայաշատ ու հայկական այլ բնակավայրերում տեղի ունեցած կոտորածների, ջարդերի ու բռնությունների համար Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու, բռնի տեղահանված հայության իրավունքների հարցը։

Մարդկության վերջին հարյուրամյակների պատմությունն ապացուցում է, որ անպատժելիությունն ու քաղաքական ընտրանքայնությունն են սկիզբ դառնում նորանոր հանցագործությունների համար։ Ասվածի փայլուն արտահայտությունն է առնվազն վերջին մեկ դարում Ադրբեջանի կողմից հայության տարբեր զանգվածների նկատմամբ իրագործված փուլային ցեղասպանությունը, որը մինչ այժմ չի ստացել իր իրավաքաղաքական արժանի գնահատականը՝ ուղեկցող և հաջորդով բազմաթիվ հանգամանքներով հանդերձ»։

--00—ՍՊ