Երեխաների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

դդ

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ապրիլի 10-ին հյուրընկալել է Հյուսիսային Մակեդոնիայի պետական համակարգի աշխատակիցներին` ՍՕՍ Մանկական Գյուղեր Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի ղեկավարության ուղեկցությամբ։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ-ում երեխաների և երիտասարդների իրավունքներին առնչվող հարցերին, այս ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններին և լիազորությունների շրջանակին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այս տեսանկյունից շատ կարևոր է ոլորտի շահագրգիռ կառույցների և կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը՝ խնդիրները վեր հանելու, արդյունավետ լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից։ Այդ առումով Անահիտ Մանասյանն ընդգծել է Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի գործունեության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, անդրադարձել կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների և երիտասարդների աջակցության ծրագրերին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանությանը, պատասխանել պատվիրակության անդամների հարցերին։

--00—ՍՊ