Հայաստանի և Սլովենիայի ֆինանսների նախարարությունների միջև կնքվել է համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

հու.

Ս․թ․ մարտի 29-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը աշխատանքային այցով գտնվել է Սլովենիայի Հանրապետությունում, որտեղ երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր)։ Հանդիպման ընթացքում նախարարները ընդգծել են երկու երկրների միջև կանոնավոր երկկողմ (միջգերատեսչական) համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ բյուջետային, հարկային, պետական ֆինանսների կառավարման ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:

Հուշագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել տեխնիկական և մասնագիտական գիտելիքների մասով փորձի փոխանակումը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակումը կարողությունների զարգացման այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ քաղաքականությունների մշակում, որոշումների կայացման գործընթացների արդյունավետություն, ոլորտի օրենսդրության կատարելագործում և այլն:

Նշյալ ուղղություններով համագործակցությունը նախատեսվում է իրականացնել նախարարությունների աշխատակիցների ճանաչողական այցերի, վերապատրաստման ծրագրերին և սեմինարներին, աշխատաժողովներին և ֆորումներին մասնակցության տեսքով:

Այցի շրջանակում նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Լյուբլյանայի Ֆինանսական զարգացման կենտրոն (CEF), որտեղ կազմակերպության ղեկավարության հետ քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության՝ որպես տվյալ ոլորտի գիտելիքների ու փորձառության լավագույն ինստիտուտի համագործակցության հնարավորությունները կարողությունների խթանման համատեքստում։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերջինիս զարգացման ու արդիականացման ճանապարհային քարտեզի մշակման նպատակով խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ։

--00—ԼՀ