Բիչախչյանը փոխարինման մտնելուց 3 րոպե անց գոլի հեղինակ է դարձել լեհական Պոգոնի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Վ

Լեհական Էքստրակլասայի 26-րդ տուրում Շչեսնիի «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել է «Կրակովիային» և 3:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Այս մասին հայտնում է Armsport-ը:

Հանդիպման հաշիվը խաղի արդեն առաջին րոպեին բացել է տանտերերի ֆուտբոլիստ Ֆրեդրիկ Ուլվեստադը: Երկու րոպե անց «Կրակովիայի» կազմում Բենյամին Կյելմանը հավասարեցրել է հաշիվը: Այնուհետև՝ 15-րդ րոպեին, հյուրերի կազմում Էնեո Բիտրին գրավել է սեփական դարպասն ու «Պոգոնն» առաջ է անցել հաշվի մեջ: Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է տանտերերի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը՝ 87-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը:

Հատկանշական է՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փոխարինման մտնելուց ընդամենը 3 րոպե անց է դարձել գոլի հեղինակ: 84-րդ րոպեին նա դուրս է եկել խաղադաշտ՝ փոխարինելով Կամիլ Գրոսիցկիին:

Լեհական թիմի կազմում հայ ֆուտբոլիստը վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել անցած տարվա նոյեմբերին: Լեհաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում սա Բիչախչյանի 5-րդ գոլն էր «Պոգոնի» կազմում:

Այս հաղթանակից հետո «Պոգոնն» իր միավորների թիվը հասցրել է 44-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Կրակովիան» 28 միավորով 13-րդ տեղում է:

 

 --00—ԱՊ