ԱԳՆ արձագանքը՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ ադրբեջանական կողմի դժգոհությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

դդ

ՀՀ ԱԳՆ-ն, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, արձագանքել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ ադրբեջանական կողմի դժգոհությանը․ 

Ադրբեջանական կողմն իր դժգոհությունն է կրկին արտահայտել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

- Կարևոր է գնահատել, թե ինչ անվտանգային իրավիճակի պայմաններում է իրականացվել ԵՄ առաքելության տեղակայումը։ Այն հետևել է 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակմանն ու ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիային։

Այսօր էլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը տարածաշրջանում ուժի կիրառման նկրտումները զսպելու և Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կայունության ամրապնդման համատեքստում։

Ողջունում ենք նաև առաքելության թվակազմի մեծացման վերաբերյալ ԵՄ կողմից ամիսներ առաջ կայացված որոշումը։ Տեղին է նաև հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանն Ադրբեջանն ինքը ողջունել է ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում ԵՄ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու ԵՄ խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի կողմից արված առաջարկը: Ավելի ուշ, ցավոք, Ադրբեջանը հրաժարվել է այդ դիրքորոշումից:

-00—ՍՊ