Բաքուն և Երևանը միմյանց հետ համաձայնությունների են հասնում.  Օ՛Բրայենը՝ գերիների փոխանակման մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

հհ

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը պետքարտուղարությունում «Ամերիկայի ձայնի» բյուրոյի ղեկավար Նայք Չինգին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ու կողմերի միջև տեղի ունեցած կալանավորների փոխանակմանը․

Ստորև՝ հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հատվածն է:

«Ամերիկայի ձայն». «Նոր եք վերադարձել Ադրբեջանից։ Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը սահմանին փոխանակեցին գերիներ: Որքանո՞վ է այն նշանակալի [իրադարձություն]»:

Օ՛Բրայեն «Կարծում եմ, որ իսկապես կարևորն այն է, որ երկու երկրները խոսում են միմյանց հետ և գործնական համաձայնությունների հասնում: Նրանք անցած շաբաթ հայտարարեցին այս կալանավորվածների ազատ արձակման մասին, իսկ այժմ՝ հենց այս շաբաթ, կալանավորվածներն արդեն տանն են: Նրանք համատեղ հայտարարություն տարածեցին, որն ի ցույց է դնում աջակցություն միմյանց նկատմամբ՝ բազմաթիվ առումներով, ներառյալ [աջակցություն] նրանց միջազգային ձգտումներին, որ [, օրինակ,] Ադրբեջանը հյուրընկալի կլիմայի հարցերով ՄԱԿ-ի հաջորդ համաժողովը, ինչի իրավունքն այժմ նա ստացավ: Հուսով ենք, դա շահավետ կլինի երկու երկրների համար, ինչպես նաև՝ Հայաստանի միջազգային ձգտումներին: Նման տեսակի աջակցության դրսևորումը՝ երկկողմանի նորմալ հարաբերություններ կառուցելուն ուղղված կարևոր քայլ է: Հուսով ենք, շատ շուտով ականատես կլինենք, որ կողմերը հասնում են խաղաղության համաձայնագրի։ Երկու կողմն էլ հայտարարել է, որ շահագրգռված է այդ անել: Մենք, նաև Եվրամիության մեր գործընկերները և մյուսները պատրաստ ենք օգնել: Կցանկանայինք տեսնել, որ այս ամենը շուտով իր ավարտին է հասել, քանի որ շուտափույթ խաղաղության կնքումը հսկայական օգուտներ կբերի»:

«Ամերիկայի ձայն». «Բաքվում ձեր ունեցած հանդիպումից հետո կբնութագրե՞ք «սովորականի» վերադարձած ԱՄՆ հարաբերությունները Ադրբեջանի հետ: Արդյո՞ք պետքարտուղարությունը կհյուրընկալի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին մինչև այս տարվա վերջ»:

Օ՛Բրայեն «Այն, ինչ մենք ասել ենք երկու երկրներին հետևյալն է՝ շատ ուրախ ենք աջակցել նրանց միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը: Արդեն հյուրընկալել ենք երկու արտգործնախարարների միջև խաղաղ բանակցությունների մի քանի փուլ, և այդ նորից կանեինք, եթե կողմերը որոշեին, որ դա կօգնի նրանց խաղաղություն կնքել: Մենք պատրաստ ենք օգնել: Երկու կողմերին էլ խրախուսում ենք հանդիպել, և մինչ այժմ յուրաքանչյուրն ասել է, որ պատրաստ է աշխատել այդ նպատակով»:

«Ամերիկայի ձայն». «Մինչև այս տարվա վե՞րջ․․․»։

Օ՛Բրայեն «Այս տարվա համար բավարար ժամանակ չի մնացել, բայց մենք ամեն ինչ կանենք»:

--00—ՍՊ