Բաքուն հայ գերիներին ներկայացնում է հանցագործ՝ խախտելով անմեղության կանխավարկածը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Արցախից տեղահանված բնակիչների վերաբերյալ բազմաբնույթ հարցեր կան, իմ կողմից իրականացված մշտադիտարկումներից 350-ից ավելի հարցազրույցները և փաստահավաք աշխատանքները վկայում են այն մասին, որ արցախցիների գրեթե մեծ մասը հանդիսանում են վատ վերաբերմունքի զոհ կամ զոհ դարձածի հարազատ։ Անձանց մոտ առկա են խոշտանգումներ, անդամախեղումներ, սովի մատնված լիելու դեպքեր, որոնք Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով բժշկական օգնություն չեն կարողացել ստանալ։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

ՄԻՊ-ի խոսքով, շատ անձինք նաև փաստաթղթերի խնդիր ունեն, հիմնականում գյուղաբնակ անձինք անտառով, ոտքով հասել են Ստեփանակերտ և չեն կարողացել փաստաթղթերը վերցնել։ «Մեկ այլ կարևորագույն խնդիր կա, դա մարդկանց սեփականության իրավունքի հարցն է, շատերը իրենց սեփականության իրավունքի վկայականները չեն վերցրել, սեփականության վկայականի առկայությունը կարևոր է հետագայում իրավունքների պաշտպանության և պահանջներ ներկայացնելու համար, այն անձի հիմնարար իրավունքներից մեկն է։ Պետական մարմիններից խնդրել եմ հասանելիություն տվյալների բազաների վրա»։

Անահիտ Մանասյանի խոսքով, գերիների և գերեվարված անձանց հետ կապված Ադրբեջանը նրանց ներկայացնում է հանցագործ։ «Ադրբեջանի բարձրաստիճան անձինք, լրագրողներ, քաղաքացիներ հայ գերիներին որակում են որպես հանցագործ՝ խախտելով նրանց անմեղության կանխավարկածը։ Դիմել եմ բոլոր միջազգային, ՄԻՊ մանդատ ունեցող կառույցներին, եթե իրավական երաշխիքները դերակատարում չունենան, մենք կարող ենք ունենալ նախադեպերի շարունակություն, երբ իրավունքի արժեքները կարևորություն չունեն»։ Խոսելով ՀՀ-ում կալանավորումներից և քաղբանտարկյալների խնդրից՝ Մանասյանը նկատեց, որ տարածաշրջանի համեմատ Հայաստանում առաջընթաց կա քաղաքական հետապնդումների առումով։

«Քաղաքական հետապնդում և քաղբանտարկյալ դիտարկելու համար կարևոր էլեմենտ է, որ անձի նկատմամբ հետապնդումը իրականացվի բացառապես այն պատճառով, որ նա քաղաքական գործունեությամբ է զբաղբում և որևէ իրավական խնդիր չլինի։ Անձին քաղաքական բանտարկյալ դիտարկելու համար լուրջ վերլուծություններ են պետք, հանգամանքները արժանահավատ պետք է լինեն, որպեսզի անձը դիտարկվի քաղբանտարկյալ»։ Դիտարկմանը՝ արդյոք կաշկանդվա՞ծ չեք այս մասին խոսելու համար, Մանասյանը պատասխանեց․ «Որևէ պետական մարմնից հաղորդագրություն չունեմ որևէ հարցի վերաբերյալ չխոսելու հարցով, փորձում եմ պրոֆեսիոնալ լինել։ Բոլոր խնդիրների վերաբերյալ բարձրաձայնումներ եղել են, կաշկանդված չեմ որևէ հարցում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ