Արցախն ամիսներ կարող էր կռվել ունեցած զենքով ու մարդկային ռեսուրսով, եթե ժամանակին մոբիլիզացիա արվեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«ՀԱՄԱՍ»-ը պաղեստինյան «Մուսուլման եղբայրների» կազմակերպության թևն է, որի կենտրոնակայանը Թուրքիայում է, կարելի է ասել, որ առաջնորդը Էրդողանն է։ «ՀԱՄԱՍ»-ը երկար ժամանակ ֆինանսավորվել է Թուրքիայից և չի ենթարկվում պաղեստինյան ավտոնոմիային։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Խիստ զարմանալի է, որ «ՀԱՄԱՍ»-ը բավական դյուրին կերպով կարողացավ ներթափանցել Գազայի հովտի հարակից տարածքներ, որտեղ հիմնականում ռազմականացված բնակավայրեր են։ Ընդ որում, հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը էլեկտրոնային երաժշտության փառատոն էր, երբ «ՀԱՄԱՍ»-ի զինյալները մտան տարածք, առաջին զոհն այդ անզեն մարդիկ էին, ինչը կանխամտածված էր»,- ընդգծեց նա։

Նահապետյանի խոսքով, Իրանը կամիր գիծ քաշեց՝ ասելով՝ եթե Գազայի բնակիչների նկատմամբ ցամաքային օպերացիա իրականացվի, այսինքն՝ զրահատեխնիկա և հետևակ մտնի, միջամտելու են, ինչը շատ վտանգավոր է․ «Այս սցենարով եթե գնա և Իսրայելը մտնի Գազա ու Իրանը, իր հայտարարության համաձայն, փորձի միջամտել թեկուզ «Հզբոլլահ»-ով, նշանակում է՝ ԱՄՆ-ի ավիախումբը հրթիռներ բաց կթողնի, սա էլ իր հերթին նշանակում է, որ Իրանը մտնում է ռազմական մեծ էսկալացիայի մեջ։ Եթե գործընթացը շարունակվի, Երրորդ համաշխարհային պատերազմ կլինի, Երկիր

մոլորակը կանգնելու է միջուկային պատերզմի շեմին, ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները պետք է հեռախոսազրույց ունենան»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ զուգահեռ է անցկացվում Գազայի և Արցախի միջև, փորձագետը նշեց՝ Արցախը ևս կարող էր դիմակայել, 44-օրյա պատերազմից հետո Արցախի իշխանությունը պետք է խնդիր դներ 120 հազարից 30-40 հազարանոց բանակ պատրաստեր ու Արցախը անառիկ ամրոց դարձներ, բայց նման խնդիր չի դրվել։ «Արցախն ամիսներ կարող էր կռվել ունեցած զենքով ու մարդկային ռեսուրսով, եթե ժամանակին մոբիլիզացիա արվեր ու նախկին ղեկավարությունը որոշում ունենար, ժողովրդին պատրաստեր և պաշտպանունակությունը բարձրացներ»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ