Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների հաշվառումը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,24News

տեղ

Արցախից տեղահանված 156 բուժաշխատող արդեն դիմել է ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ՝ հաշվառվելու, այնուհետև աշխատանքով ապահովվելու համար։ Նրանցից 81-ը բժիշկներ են, 75-ը՝ միջին մասնագիտական կրթությամբ բուժաշխատողներ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ կարևոր այս գործընթացը ճիշտ կազմակերպելու, ոչ մի մասնագետի առանց աշխատանք չթողնելու, ինչպես նաև մարզերի բժշկական հաստատություններում նրանց ռեսուրսը ճիշտ բաշխելու համար առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանը և Արտակ Ջումայանը հանդիպել են Երևանի ու մարզերի բժշկական կենտրոնների ղեկավարների, ինչպես նաև մարզերի առողջապահության վարչության պետերի հետ։

Հանդիպմանը մանրամասն ներկայացվել է յուրաքանչյուր մարզում բուժաշխատողների առկա թափուր հաստիքները, առաջարկվել ստեղծել տվյալների բազա՝ աշխատանքները համապարփակ կազմակերպելու համար։

Առողջապահության նախարարի տեղակալները, ուղենշելով անելիքները, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողները պետք է հնարավորինս արագ ինտեգրվեն Հայաստանի առողջապահական համակարգում, ասել են, որ հաջորդ քայլը լինելու է բուժաշխատողների, ըստ անհրաժեշտության, վերապատրաստումն ու հավաստագրերի տրամադրումը։

Քննարկմանը փոխնախարարներն ու բուժհաստատությունների ղեկավարները խոսել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին Երևանում և մարզերում ժամանակին ու որակյալ բուժսպասարկում տրամադրելու հարցի շուրջ։

--00—ԼՀ