Ավարտվել է ՊՈԱԿ-ի տնօրենի մասնակցությամբ դեպքի նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

մ

Ավարտվել է «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական անփութություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և իրեն վստահված գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այսմասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2014թ.-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք՝ անզգուշությամբ էական վնաս պատճառելով կազմակերպության և պետության օրինական շահերին, ինչպես նաև պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում ներառելով կեղծ տեղեկություններ՝ հափշտակել է իրեն վստահված գույքը:

Մասնավորապես, հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը իր պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պատշաճ հսկողություն չի իրականացրել դասախոսների և ուսանողների՝ սահմանված կարգին համապատասխան գործելու նկատմամբ, ինչի պայմաններում 2014-2015թթ. ուսումնական տարվա դասամատյանում, ՀՀ-ից դուրս գտնվող երկու ուսանողի անվան դիմաց՝ «առաջադիմությունների և հաճախումների ընթացիկ հաշվառում» էջերի գրառումներում չեն գրանցվել վերջիններիս՝ մի քանի ամիսների բացակայությունները, դասամատյանում նշանակվել են կեղծ գնահատականներ, նշանակվել են ստուգարքներ և քննություններ:

Արդյունքում, կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հիշյալ ուսանողների ուսումը շարունակելու  հիմք են հանդիսացել, որոնց հիման վրա փաստացի դասընթացներին չմասնակցած և համապատասխան գիտելիքներ չստացած ուսանողներին հնարավորություն է տրվել փոխադրվել հաջորդ կուրս:  

Բացի այդ, «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը 2014-2019թթ. ընթացքում, որպես վարորդներ աշխատանքի է ընդունել 5 անձի, որոնց ամրակցել է կազմակերպության հաշվեկշռում հաշվառված, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: Այնուհետև, հիշյալ ավտոմեքենայի երթուղային թերթերում և վառելիքի պահանջագրերում, նույն կազմակերպության տնտեսվարի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ավտոմեքենան շահագործելու պատրվակով 9971 լիտր բենզինի օգտագործման վերաբերյալ, և այդ կեղծված փաստաթղթերը հաստատվել են տնօրենի կողմից։

Արդյունքում նշված 9971 լիտր բենզինի համար ելքագրված՝ կազմակերպության տնօրենին վստահված պետական միջոցները հափշտակվել են:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով, 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Որոշում է կայացվել որպես այլընտրանքային խափանման միջոց պաշտոնավարման կասեցում ընտրելու մասին:

Կազմակերպության տնտեսվարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ