Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Screenshot_60

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Միջազգային իմ բոլոր գործընկերների հետ հանդիպումների, տարբեր ձևաչափով ամենօրյա քննարկումների ժամանակ շարունակ ներկայացնում եմ արցախահայության շուրջ ստեղծված աղետալի իրավիճակը՝ բարձրաձայնելով այնպիսի խնդիրների հրատապ կարգավորումը, ինչպիսիք են ներքոթվարկյալները:

✅ Հնարավոր բոլոր օղակներով պետք է օր առաջ արցախահայության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու հարցերը հիմնական լուծում ստանան:

✅Արցախցին Հայաստանում պետք է ապրի իր սեփական տանը և հայրենիքում նոր կյանքի ադապտացվի: Արցախահայության վերաբնակեցման համար Հայաստանին տրված օգնության գումարներով պետք է մարդկանց համար տներ գնվեն: Չպիտի՛ թույլ տանք նրանց արտագաղթը:

✅Արցախահայերի առողջության, կրթության, աշխատանքի պահպանման (գտնելու) և շարունակականության համար պետք են հստակ և տեսանելի ջանքեր գործադրվեն:

✅Միջազգային մանդատով դիտորդները պետք է Արցախում տեղակայվեն որքան հնարավոր է շուտ: Այդկերպ կփորձենք իրացնել արցախահայության սեփականության իրավունքի պահպանումը և չեզոքացնել քաղաքացիներին ու պետությանը պատկանող գույքի ավերման հավանականությունը: Նաև պետք է ստեղծվեն երաշխիքներ, որ մարդիկ կարողանան իրենց սեփական գույքը անվնաս դուրս բերել կամ տնօրինել՝ ինչպես կկամենան:

✅Հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը հրամայական է: Ինչպես Արցախում այս պահին գտնվող ռուս խաղաղապահները, այնպես էլ միջազգային դիտորդները պետք է արգելեն Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու և հայկական մյուս կրոնական կոթողների պղծման ու ոչնչացման հանցավոր սցենարի կրկնումը:

✅Հայերի գերեզմանները պետք է անձեռնմխելի լինեն և հեռու՝ ադրբեջանական վայրագություններից:

✅ Եթե Արցախում դեռ կան Պաշտպանության բանակի զինվորականներ, նախկին և ներկա պաշտոնյաներ (իրենց ընտանիքների հետ), առանց թիրախավորման, անխոչընդոտ ու անվտանգ պետք է կամ ապրեն Արցախում, եթե ուզում են, կամ դուրս գան առանց հետապնդման: ՀՀ-ում կամ այլուր նրանք պետք է ապրեն առանց արհեստական խոչընդոտների և մտացածին քրեական հետապնդումների:

Ռուբեն Վարդանյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի ու մյուս գերեվարված մեր հայրենակիցների ազատությունը բոլորիս խնդիրն է, ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ։

✅Աշխարհի բոլոր դերակատարները պետք է փաստարկված տվյալներ ունենան իրենց ձեռքի տակ, որպեսզի հայտարարեն, որ ադրբեջանական այսպես կոչված «հակաահաբեկչական գործողությունները», որոնք սկսվեցին սեպտեմբերի 19-ից և ընթացան 9 ամիս շրջափակված Արցախի խաղաղ բնակչության էթնիկ զտմամբ և ցեղասպանությամբ, վկայում են ոչ միայն ադրբեջանի կեղծ հումանիզմի, նրանց հետ խաղաղ համագոյակցության անհնարինության, այլև այն մասին, որ միջազգային դերակատարների դատապարտող հայտարարությունները ոչինչ չարժեն:

✅Պետք է բոլորս ջանքեր գործադրենք, որպեսզի դատապարտող հայտարարությունները փոխարինվեն հստակ գործողություններով՝ աջակցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ միջազգային ամբիոններից, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ կիրառվեն՝ որպես ցեղասպան, ագրեսոր երկրի:

✅Աշխարհի բոլոր կետերում պետք է լսելի դարձնենք մեր ձայնը, որ Արցախի ցեղասպանությունը անպատիժ իրականացրած Ադրբեջանը նույն սցենարը ձգտում է կրկնել անկախ, ինքնիշխան Հայաստանի նկատմամբ: ՀՀ-ից արդեն 3 տարի օկուպացրած տարածքներն Ադրբեջանը չի վերադարձնում ու էլի անպատիժ է…

📌Նիկոլ Փաշինյանի անկարող ու ապիկար իշխանության վրա հույս չեմ դնում. բոլորս մեր տեղում պիտի այս կետերի շուրջ աշխատենք՝ հանուն մեր ժողովրդի և հայրենիքի, որը ծանր վիրավոր է»:

--00—ՅՄ