Իշխանությունը պետք է բացահայտի, թե ի՞նչ օրակարգով է խաղաղության բանակցություններ վարել Ադրբեջանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Screenshot_3

Հակառակ դեպքում, իշխանությունը պետք է խոստովանի, որ անզոր է կատարել իր առջև դրված պարտականությունները։ Այս մասին գրում է «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը։

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգն ամբողջությամբ տապալվել է, և ներկա ռազմաքաղաքական հաշվեկշռի պայմաններում անհնարին է Ադրբեջանի հետ տեսանելի ապագայում հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը։

Ակնհայտ է նաև, որ Հայաստանի ներուժը բավարար չէ միայնակ դիմագրավել նետված մարտահրավերը, կամ նվազագույնը՝ ապահովել Արցախի ու արցախցիների անվտանգությունը։

Ադրբեջանն այս պահին, ըստ էության, Արցախում իրականացնում է ռազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություն։

Ակնհայտ է նաև, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի գործում, որ միջազգային իրավունքի որևէ նորմ չի գործում և միջազգային որևէ ատյան այդպես էլ ի զորու չեղավ սանձել Ալիևի վարչակազմին և նրան բերել կառուցողական դաշտ։

Լսե՛ք, իշխանությունը ոչ թե հորդորներով, խնդրանքներով ու Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններով, կամ այս կամ այն միջազգային ատյանին դիմումներ ներկայացնելու համար է, այլ կոնկրետ, շոշափելի ու արդյունավետ որոշումներ կայացնելու։

Այս իշխանությունը պարտավոր է ժողովրդին ազնվորեն ներկայացնել իրավիճակը, բացահայտել, թե այդ ի՞նչ օրակարգով խաղաղության բանակցություններ է վարել ու վարում Ադրբեջանի հետ, որ արդյունքն այսպիսին է, ներկայացնի իր հստակ պատկերացումները և կոնկրետ լուծում առաջարկի։

Հակառակ դեպքում, իշխանությունը պետք է խոստովանի, որ անզոր է կատարել իր առջև դրված պարտականությունները։

Հ․Գ․ Այսօր ավելի ուշ կներկայացնեմ իմ պատկերացումները ստեղծվածի իրավիճակից դուրս գալու մասին»։

--00—ՅՄ