«Արդար Հայաստանի» առաջարկը․ ինչպե՞ս փոխել Երևանը՝ դարձնելով այն այգի-քաղաք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

արդար հայաստան

«Արդար Հայաստանը» առաջարկներ է ներկայացրել՝ ինչպե՞ս փոխել Երևանը այն այգի-քաղաք դարձնելու համար․ 

Մինչև 2004թ․Դալմայի այգիների տարածքը կազմել է շուրջ 750 հա։

2004 թ. ՀՀ կառավարության որոշմամբ այգու 494 հա օտարվել է՝ այգու տարածքից կանաչապատ թողնելով միայն 256 հեկտարը։ 

Օտարված այգու մի հատվածում կառուցվել է ներկայումս շահագործվող ճանապարհը, իսկ մնացած մասը հատկացվել կառուցապատողներին։ 

Ներկայումս այգու տարածքը կազմում է շուրջ 238 հա, որոնցից 35 հա-ի վրա իրականացվում են գյուղատնտեսական աշխատանքներ: 

Կանաչապատ տարածքներ են համարվում 63 հա, իսկ 115 հեկտարը՝ չոր հողեր են։

Այսինքն, այգու 48%-ը չոր և անմշակ հողեր են։ 

«Արդար Հայաստան» կուսակցության համար ողջունելի է «Տարբերակ» ճարտարապետական արվեստանոցի ուշագրավ գաղափարը՝ ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻ և Երևանյան լճի տարածքի միավորման մասին, որը կարող է իրականություն դառնալ վճռականության, համարձակության ու քաղաքական կամքի դեպքում։ 

Առաջարկի էությունը կայանում է հետևյալում․

Որպեսզի լճի ափեզրը դառնա անվտանգ և հասանելի, իսկ այգիների տարածքը՝ ավելի կանաչապատ և ծառայի իր առաջնային նպատակին, միակ ելքը այգու և լճի տարածքների միացումն է։

Առաջարկվում է այգու և լճի միացման համար թունելի մեջ մտցնել Իսակովի պողոտայի 450մ հատվածը՝ պահպանելով գետնի մակերևույթի վրա այգին սպասարկող ճանապարհը որպես արտակարգ դեպքերի ժամանակ թունելի այլընտրանք։

Այդ պայմաններում հանրության համար հասանելի կդառնան լճի հյուսիսային ափը և Երախտագիտության հուշարձանը։

Արդյունքում, այժմ գրեթե անբարեկարգ գոտին, որի մեջ են պատմական նշանակության ջրանցքը, խաղողագործության պատմության վկայությունները, գյուղական նշանակության հողեր, նաև արդեն գործող «Երևան պարկ» զվարճանքների այգին, կարող է դառնալ Երևանի՝ ինքնաբավ սպասարկումով գործող թոքերը՝ դեպի լճափ անվտանգ ելքով:

Տարածքը հնարավոր է վերածել հսկայական զբոսայգու, որտեղ կլինեն ճեմուղիներ, միայն թեթև կոնստրուկցիաներով սրճարաններ և բազմապիսի տաղավարներ, փառատոնների հարթակներ։

Լիճը կարող է օգտագործվել ձկնորսության, ջրային սպորտաձևերի, սահադաշտի համար և ունենալ այլ բնույթի ֆունկցիաներ։

Այս առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է լուրջ ներդրումներ կատարել, սակայն Երևանի կենսաբազմազանության ապահովման համար ծայրահեղ կարևոր է խոշոր կանաչ տարածքի ավելացումը:

«Արդար Հայաստան» կուսակցության համար ակնհայտ է, որ Դալմայի այգիներից մնացած 238 հա պետք է վերածվի խոշոր այգու-անտառի, որի վերականգնման ու իրականացման համար, այո՛, անհրաժեշտ է հանդգնել ու ժամանակի ընթացքում վերը նշված ծրագրերը դարձնել իրականություն։

Գնալու ենք այս ճանապարհով՝ նաև այսպես պատկերացնելով ու կառուցելով արդար Հայաստանը։

--00—ՍՊ