ԱՄՆ դեսպանատանը արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացրել. անձին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

դիպ

Տիրան Հասրջյանը ԱՄՆ դեսպանատանը արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացրել: Այս մասին լրատվամիջոցները տեղեկանում են Դատական-տեղեկատվական համակարգից:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 457-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու մասին արգելքը:

Ըստ մեղադրանքի՝ Տիրան Հասրջյանը բազմազանության արտոնագրերի ծրագրի միջոցով ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու համար ԱՄՆ դեսպանատուն ներկայացնելու նպատակով ինքնությունը չպարզված անձից ձեռք է բերել իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ հանդիսացող Երեւանի պետական համալսարանի կողմից 07.06.2010 թվականին տրված թիվ AB 012564 համարի դիպլոմը, որի համաձայն՝ իբրեւ թե սովորելով ԵՊՀ-ում, շնորհվել է տնտեսագետի բակալավրի աստիճան «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ» մասնագիտությամբ:

Այնուհետեւ, 2022 թվականի սեպտեմբերի 06-ին ԱՍՆ դեսպանատանն իրականացվող հարցազրույցի ընթացքում այլ փաստաղթղերի հետ միասին ներկայացրել է նաեւ վերը նշված թիվ AB 012564 համարի դիպլոմը՝ այդ կերպ օգտագործելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ։

Նշենք, որ գործը քննվելու է Երեւանի քրեական դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ:

--00—ԼՀ