Ամենայն Հայոց կաթողիկոսը իր շնորհավորանքներն է ուղարկել Դավիթ Իշխանյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

կա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Դավիթ Իշխանյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Իր Հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«ՄԵԾԱՐԳՈ ՏԻԱՐ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆ ԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ

Ստեփանակերտ

Մեծարգո Պրն. Իշխանյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Կարեւոր այս պաշտոնը Դուք ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով արցախահայությունը շուրջ ութ ամիս գտնվում է փաստացի շրջափակման մեջ:

Օրավուր սաստկացող գոյաբանական վտանգների առջեւ աղոթաբար մաղթում ենք Ձեզ ուժ, կարողություն եւ տոկունություն՝ հնարավոր բոլոր միջոցները, ներուժն ու ջանքերը գործադրելու հանուն Արցախի ժողովրդի ապահով, ազատ ու անկախ կյանքի:

Թող Ամենակարող Տերը Իր օրհնության ներքո անխռով  խաղաղության մեջ պահի ու պահպանի Արցախ մեր երկիրն ու մեր ժողովրդին՝ պարգեւելով Ձեզ քաջառողջություն եւ գործոց հաջողություններ:

Օրհնությամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»:

--00—ԼՀ