Արևմուտքը միայն թղթի վրա է անվտանգություն ապահովելու, Արցախում անմարդկային պայմաններ են ստեղծվելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Եթե Հայաստանը ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, դա փակելու է ինքնորոշման թեման, ինչի համար 30 տարի պայքարել ենք: Արցախցին չի ուզում Ադրբեջանի կազմում ապրել, Փաշինյանը պետք է նրա իրավունքը հաշվի առնի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը:

Կարեն Կարապետյանի կարծիքով, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո միջազգային կառույցների հովանավորության ներքո ունենալու ենք դատարկված Արցախ: Արևմուտքն Արցախի թեման ուզում է փակել, նրանց չի հետաքրքրում ինքնորոշման իրավունքը, Արցախի ժողովրդին անվտանգային մեխանիզմներ կտրվեն միայն թղթի վրա, բայց Ադրբեջանն այնպիսի անմարդկային պայմաններ կստեղծի, որ Արցախը կհայաթափվի»,- ավելացրեց նա:

 Անդրադառնալով «Հայաքվե» նախաձեռնությանը՝ Կարեն Կարապետյանը նկատեց, որ այն, բացի քաղաքականից, ունի նաև հոգեբանական կարևորություն․ հայ ժողովուրդը պետք է ցույց տա, որ համաձայն չէ իր հայրենիքի կորստյան և իշխանության որդեգրած քաղաքականության հետ:

«Ժողովուրդն իշխանությանը քվե չի տվել, որ Արցախը հանձնի, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվի, ուրանա Արարատը: Ի վերջո, ազգային արժանապատվության խնդիր է, պետք է աշխարհին ցույց տալ, որ համաձայն չենք հայրենիքի կորստի հետ, իսկ հոգեբանական առումով կարևոր է, որ հասարակությունը սթափվի և ոտքի կանգնի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ