Առաջին ալիքը «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակի ընտրության մրցույթ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24news

Screenshot_1

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով: Այս մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը:

Մրցույթին կարող են դիմել այն երեխաները, որոնք 2023-ի նոյեմբերի 26-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան (ծնվել են մինչև 2014-ի նոյեմբերի 26-ը և 2008-ի նոյեմբերի 27-ից հետո):

Թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես սոլո երգիչ, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել www.eurovision.am կայք, լրացնել հայտը՝ ներկայացնելով 2 երգի քավր տարբերակ (կենդանի կատարմամբ): Առաջին փուլը հաղթահարած դիմորդներին Հանրային հեռուստաընկերությունը կհրավիրի լսումների երկրորդ փուլին: Պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթող մասնակցին. այսպիսով, նա կդառնա «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը:

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 23-ը: Հարցերի դեպքում մասնակիցները կարող են գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

--00—ՅՄ