Մինասյանը հանրային պաշտոն զբաղեցնելուց հետո որևէ պահի չի իրականացրել ձեռնարկատիրական գործունեություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24news

7

Այսօր մամուլում տեղ են գտել հրապարակումներ այն մասին, որ 2022 թվականին ՀՀ Արդարադատության նախարար նշանակված Գրիգոր Մինասյանը միաժամանակ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը։

Նշված հրապարակումը սուտ է և ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ արդարադատության նախարար Գ. Մինասյանը հանրային պաշտոն զբաղեցնելուց հետո որևէ պահի չի իրականացրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն, և անհամատեղելիության պահանջի որևէ խախտում թույլ չի տվել:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ հրապարակման մեջ վկայակոչված օրենսդրական կարգավորման համաձայն նախարար Մինասյանը իրեն պատկանող «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի 60%-ի բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնել դեռևս 2022 թվականի հունվարի 14-ին` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց երկու օր անց` բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելով ֆիզիկական անձի հետ: Թեև տվյալ պահին գործող օրենդրությունը նշված պայմանագրի պետական գրանցման պահանջ չէր սահմանում, այդուհանդերձ կնքված պայմանագիրը նաև ներկայացվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:

Մամուլում տարածված հրապարակման պատճառը կատարված օրենսդրական փոփոխություններին անտեղյակությունն է:

2022թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներով այժմ արդեն հավատարմագրային կառավարիչ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները, իսկ բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագիրն անհրաժեշտ է ներկայացնել պետական գրանցման:

Էական ենք համարում ընդգծել, որ`

- նոր իրավական կարգավորումներն ուժի մեջ են մտել 2023 թվականի հունվարից

- կարգավորումներից որևէ մեկը չի տարածվում նախկինում ծագած հարաբերությունների վրա.

- կարգավորումներից որևէ մեկը չի նախատեսում մինչև դրանց ուժի մտնելը եղած դրության փոփոխություն:

2023 թվականի հունիսի 23-ին Գրիգոր Մինասյանը որոշել է լուծել նախկինում կնքված պայմանագիրն ու կնքել բաժնեմասի հավատարմագրային կառավարման նոր պայմանագիր: Նոր պայմանագրի կնքումը հաջորդել է հիշատակված օրենսդրական փոփոխությունների ուժ մեջ մտնելուն, հետևաբար այն արդեն կնքվել է առևտրային կազմակերպության հետ և ներկայացվել պետական գրանցման:

Քանի որ մամուլում տարածված հրապարակման հեղինակ փաստաբան Արսեն Բաբայանը ենթադրաբար լիարժեք չի տիրապետում իրավական նոր կարգավորումներին, ուստի հայտարարել է, որ դրանց համաձայն կնքված և պետական գրանցման ներկայացված բաժնեմասի հավատարմագրային կառավարման այս նոր պայմանագիրն առաջինն է, իսկ մինչ այդ նախարար Մինասյանն իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն: Մինչդեռ 2022 թվականի հունվարի 14-ին կնքված հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի մասին տեղեկությունն առկա է նաև պարոն Մինասյանի 2022թ. Գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում:

--00—ՅՄ