Արթիկում ասֆալտով բեռնված KamAZ-ը փլուզել է շինության պատն ու կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

7fde0c85-0e17-4266-9eeb-265a384bddd4.jpg

Այսօր՝ մայիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում 60-ամյա Ստեփան Մ․-ն իր վարած KamAZ մակնիշի ավտոմեքենայով Արթիկ քաղաքի Նարեկացի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել, բախվել կիսակառույց շինությանը և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Իսկ բախման հետևանքով շինության պատի մոտ 30 ք/մ հատված փլուզվել է։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Արթիկի հիվանդանոցի դի տեղափոխող ատոմեքենային։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի, 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն դասակի կրտսեր պարեկներ Վահան Եսայանն ու Վարդան Ծառուկյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չուեննա, ինչը պարեկներին հաջողվում է։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի  քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր ավագ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Գ․ Շաշմյանի տեղեկություներով՝ KamAZ-ը հաշվառված է «Հարթ-Տրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում և այն բեռնված է եղել ասֆալտով։

--00—ԶՀ