ՀՀ-ում հանցանք կատարած և ԱՄՆ տեղափոխված անձինք չեն խուսափի արդարադատությունից․ հանդիպում-քննարկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Screenshot 2023-05-16 171107

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։

Աննա Վարդապետյանը դրական է գնահատել ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության առկա մակարդակը, Դատախազության կարիքների շուրջ շարունակական երկխոսությունը և անդրադարձ է կատարել գործընկերության ընդլայնման հեռանկարներին:

Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ամերիկացի գործընկերների աջակցությունը Հայաստանի դատախազների մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացում և կարևորել է դատախազների շարունակական վերապատրաստման ծրագրերի իրականացումը՝ փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռ և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործման ուղղություններով:

Գլխավոր դատախազն ընդգծել է նաև Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հանձնման մասին երկկողմ պայմանագիր կնքելու շուրջ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն թույլ կտա առավել արդյունավետ համագործակցել հետախուզվող անձանց հանձնման գործընթացում. Դրա արդյունքում ՀՀ-ում հանցանք կատարած և ԱՄՆ տեղափոխված անձինք չեն խուսափի արդարադատությունից: 

Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև դատախազների գործունեության և արդյունավետության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքներին և ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է այդ կապակցությամբ տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունները:

ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման և Դատախազության առաջնահերթությունները ներկայացնելու համար:

Ջեյմս Էփլգեյթը բարձր է գնահատել ՀՀ գլխավոր դատախազության հետ շփման մակարդակը և Աննա Վարդապետյանի հետ քննարկել է մի շարք ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները:

--00—ՅՄ