Փաշինյանի ձեռքը պետք է բռնել հենց հիմա, հետո ուշ կլինի. Վարդան Օսկանյան․ Մեդիամաքս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

20473ca4299df1ae57fe20d0a93eb8ca

Ակնհայտ է, որ մտնում ենք Արցախի հանձնման վերջնական փուլ։ Փաշինյանի ամեն մի հանդիպում աշխարհագրական որևէ վայրում առավել խորացնում և անշրջելի է դարձնում Արցախի հանձնման գործընթացը։

Մեդիամաքսի սյունակում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․

«Բրյուսելյան հանդիպման ընթացքում խնդիրն ավելի բարդացավ ու խորացավ, երբ Փաշինյանն ընկավ իր իսկ լարած թակարդը։ Այնքան խոսեց 29 800 քառակուսի կիլոմետրի մասին, որ Ալիևն արդեն ինքն էլ իր երկրի քառակուսի կիլոմետրերի ճանաչման պահանջ դրեց, ինչը, բնականաբար, չի կարող մեկնաբանության տեղ թողնել, որ դրա մեջ չի մտնում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։

Շառլ Միշելի նկարագրած դրույթներով որևէ փաստաթղթի ստորագրում նշանակում է, որ ստորագրման պահից Արցախը վերածվում է Ջավախքի և, ի տարբերություն Ջավախքի, որոշ ժամանակ՝ միգուցե մեկ տասնամյակ անց, վերածվելու է Նախիջևանի։

Եթե Փաշինյանի ձեռքը պետք է բռնել, որ նա նման փաստաթուղթ չստորագրի, ապա դրա ժամանակը հենց հիմա է։ Այլապես հետո ուշ կլինի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ունի բոլոր տեսակի իրավունքները Փաշինյանին ետ պահելու այդ քայլից։

Նախ՝ Փաշինյանը պարզապես իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրելու։

Առաջին՝ իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի Սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի Սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը։

Երկրորդ՝ նման իրավունք որևէ մեկին վերապահված չէ։ Ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։

Երրորդ՝ Արցախի ժողովուրդը, որի ֆիզիկական գոյության հարցն է դրված նժարին, եղել է անցած տասնամյակների զրկանքների և տառապանքների հիմնական կրողը և իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել։

Չորրորդ՝ Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինյանի իսկ կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կա դրույթ, ըստ որի՝ հետամուտ պետք է լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքն ունի Արցախի ժողովուրդը։

Ավելին, սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո աշխարհում գոյություն ունեցող հիսունից ավելի ինքնորոշման ընթացիկ շարժումներից մենք՝ հայերս, կլինենք առաջինը և միակը, որ հրաժարվում է իր իրավունքներից»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ