ԼՂ վեճը իրենց հայրենի հողում ազատություն փնտրող մարդկանց և ավտորիտար ագրեսորի միջև է․ Freedom House

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1110957

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններին` ադրբեջանական ուժերը շարունակում են  շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ և ավելացնելով աշխարհի ժողովրդավարական պետությունների կողմից հրատապ օգնության կարիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամին և խաղաղ բնակչության դեմ վայրագությունների կանխման անհրաժեշտությանն է անդրադառնում Freedom House իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հոդվածը: Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանի հոդվածը կրում է հետևյալ խորագիրը՝ «Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Լեռնային Ղարաբաղի բնակիչները բախվել են ավտորիտար շրջափակման»:

Հոդվածում հանգամանորեն ներկայացվում են 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Բաքվի կողմից շարունակվող ոտնձգություններն ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ: Հեղինակը հիշեցնում է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևող շրջափակումը, ինչպես նաև ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրյակին, Բաքվի կողմից միջանցքում անցակետի տեղադրումը:

Մանրամասն անդրադարձ է կատարվում նաև ռուսաստանցի խաղաղապահներին, որոնք տեղակայվել են շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում: Ըստ հոդվածի հեղինակի՝ 2022 թ.-ի փետրվարից Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած պատերազմը նվազեցրել է Մոսկվայի հնարավորությունները՝ ազդելու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ինչն էլ Հայաստանի իշխանությունների և հասարակության քննադատությանն է արժանացել

Freedom House-ի կայքում հրապարակված հոդվածում նշվում է նաև Բաքվի կողմից միջազգային կառույցների ընդունած որոշումների անտեսման մասին: Ադրբեջանն անտեսում է միջազգային ատյանների պարտավորեցնող որոշումները. նույնը, հետևաբար, տեղի է ունենում չպարտավորեցնող բանաձևերի պարագայում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ