Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդում, աշխատաշուկայում ինքնաիրացման հնարավորություն․ հուշագիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

336902678_618268633136679_7610267894275735455_n

Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման, կրթություն ստանալուն զուգահեռ աշխատաշուկայում ինքնաիրացման հնարավորություն տալու, հանրության ամենալայն շերտերի համար կրթության մատչելիության ապահովման և սահմանված մի շարք այլ նպատակներով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել։ 

Վերջիններս սահմանված առաջնահերթությունների շարքում կարևորել են գիտական ուսումնասիրությունների, կրթական, դաստիարակչական, սոցիալ-մշակութային ծրագրերի համատեղ իրականացման, աշխատողների նպատակային վերապատրաստման անհրաժեշտությունը։

Հուշագրի շրջանակում ակադեմիան պատրաստակամություն է հայտնել իրականացնելու մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ՝ համատեղ պատրաստված ծրագրերով, իսկ նախարարությունը կաջակցի ակադեմիայի ուսանողների պրակտիկայի կազմակերպմանը, ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացմանը:

Առաջնահերթություն համարելով կրթության որակի բարելավումը՝ կողմերը նախատեսում են նաև իրականացնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներ՝ համաժողովներ, վերապատրաստումներ և այլն:

Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը՝ նպաստելու կրթական համակարգի զարգացմանն ու գիտական մտքի դերի բարձրացմանն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում:

--00—ՅՄ