Առաջարկվում է հանցագործություն համարել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի օրենսդրական նոր նախաձեռնությամբ առաջարկվում է որպես հանցագործություն դիտարկել եւ քրեական պատասխանատվություն սահմանել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու կամ տեղեկություն չհայտնելու համար:

ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ ՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի աշխատանքային քննարկման ժամանակ:

Կարեւորելով Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ օրենսդիրի կարեւորագույն գործիքակազմերից է նաեւ Քննիչ հանձնաժողովը:

Ըստ պատգամավորի՝ փորձը ցույց է տվել, որ Քննիչ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում առաջանում են խնդիրներ, որոնք խոչընդոտում են հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Արմեն Խաչատրյանը նշել է, որ նման հարցերն օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտություն կա:

Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, հնչել են նաեւ առարկություններ, որոնք, ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակի, կքննարկվեն եւ հաշվի կառնվեն փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու եւ շրջանառության մեջ դնելու համար:

Պատգամավորը հավելել է, որ ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը:

Քննարկմանը մասնակցել են իրավապահ մարմինների, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:

--00—ՍՊ