Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում ՔՊ-ականն ակնկալում է խորվաթ գործընկերների հասցեական արձագանքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

նկար

Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մանրամասներ են հայտնել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 հայերին սպառնացող վտանգների ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին:

Բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը՝ նշելով, որ հաջորդ տարի կլրանա երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Զրույց է ծավալվել միջազգային հարթակներում գործակցության հնարավորությունների շուրջ: Ընդգծելով երկու երկրների օրենսդիրների արդյունավետ աշխատանքն ամենատարբեր խորհրդարանական հարթակներում՝ բարեկամական խմբի ղեկավարը երախտագիտություն է հայտնել խորվաթական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում մշտապես Հայաստանի կողքին լինելու համար: Նա, մասնավորապես, առանձնացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հարցում համատեղ աշխատանքը: Պատգամավորը հիշեցրել է նաեւ, որ ՄԱԿ-ում ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւի նախաձեռնությունների ժամանակ Խորվաթիան բազմիցս Հայաստանի եւ մի շարք այլ երկրների հետ եղել է համահեղինակ:

«Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում ադրբեջանական ագրեսիայի եւ ԼՂ հակամարտության համատեքստում Հայաստանին եւ ԼՂ-ին աջակցելը կնշանակի լինել պատմության եւ արդարության կողքին»,- նշել է Հայկ Մամիջանյանը: Պատգամավորն այս առումով հիշեցրել է Ադրբեջանի նախագահի կողմից պետական պարգեւ ու մրցանակ շնորհելը երկու գործչի, որոնք, պարզապես, ապահովել են Լաչինի միջանցքում ուսանողների ներկայությունը:

«Այսինքն՝ իրենք ոչ մի բնապահպանական ակցիա չէին իրականացնում: Սա պարգեւ էր 120.000 հայերի շրջափակման մեջ պահելու համար»,- ասել է պատգամավորը:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գրանցած արդյունքներին:

«Մենք ուզում ենք որոշում կայացնողների խոսքում եւ գործում տեսնել փոփոխություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը եւ Արցախը մշտապես ագրեսոր Ադրբեջանի գործողությունների թիրախում են»,- փաստել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը: Նա խոսել է նաեւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման խնդրի մասին՝ նշելով, որ Ադրբեջանն այս հարցում եւս մերժում է միջազգային դիտորդական առաքելության ներգրավումը:

Որպես պատմաբան՝ Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Դոմագոյ Հայդուկովիչը շեշտադրել է, որ բազմաթիվ վանքեր, գերեզմանատներ, եկեղեցիներ ավերվել են, փորձ է արվել հայկական տարածքներում վերացնել հայկական ներկայությունը: Դոմագոյ Հայդուկովիչը կարեւորել է տեղում խնդիրներին ծանոթանալը եւ ընդգծել, որ դա հնարավորություն կտա իրենց՝ եվրոպական տարբեր հարթակներում բարձրաձայնելու դրանց մասին: Նա խոսել է նաեւ ԵՄ շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին:

Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրը եւս անդրադարձել է Լաչինի միջանցքի ճգնաժամի մասով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրագործմանը: Նա կարեւորել է համագործակցությունը ԵԽԽՎ տիրույթում:

Բարեկամական խմբի անդամ Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը լուծված չէ եւ նշել, որ ադրբեջանական սադրանքներն ապացուցում են՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Նրա համոզմամբ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, սակայն գործնականում այլ քայլեր է իրականացնում:

«Հայաստան» խմբակցության ղեկավարն այս բարդ իրավիճակում կարեւորել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող արձագանքը լինի հասցեական:

Բարեկամական խմբի անդամ Հռիփսիմե Հունանյանը բարձրաձայնել է Արցախում շրջափակված 120.000 հայերի առողջապահական եւ սոցիալական խնդիրների մասին, նշել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի գերակա: Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը նշել է, որ ակնկալում է գործընկերների հասցեական արձագանքը:

--00—ԼՄ