Փառուխում ռուս խաղաղապահները և Ադրբեջանի զորքը 50մ հեռավորության վրա են, գյուղացիները չեն վերադառնա

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

փ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը շարունակում է մնալ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ, սակայն հայտնի չէ, թե բնակիչները երբ կկարողանան վերադառնալ իրենց տները։ Իրավիճակի մասին 24News-ին ասաց Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանը։

«Բնակիչները տարբեր գյուղերում են ապրում։ Չգիտեմ՝ գյուղում ադրբեջանցիները կա՞ն, թե՞ ոչ, բայց գյուղը խաղաղապահների վերահսկողության տակ է։ Կողք կողքի են տեղակայված ռուս խաղաղապահները և ադրբեջանական զորքերը։

Ադրբեջանցիները շարունակում են նույն տեղում մնալ, Քարագլխի մի հատվածում են, գյուղում խաղաղապահներն են։ Խաղաղապահների կողքն էլ հենց ադրբեջանցիների դիրքերն են՝ գյուղից մոտ 50 մետր հեռավորության վրա»,- հավելեց Փառուխի գյուղապետը։

Վարդան Միքայելյանն ասաց, որ տեղեկություններ չունի, թե քանի ադրբեջանցի կա Քարագլխի գրավյալ հատվածում, հայտնի չէ, թե երբ բնակչությունը կկարողանա վերադառնալ գյուղ․ «Այսպես որ նայում եմ, բնակիչները չեն էլ վերադառնալու»։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես են բնակիչներն ապրուստի միջոցներ հայթայթում, կրթության հարցը լուծում, ապա Վարդան Միքայելյանն ասաց, որ խնդիրները լուծվում են այն վայրերում, որտեղ բնակություն են հաստատել գյուղը լքելուց հետո։ Բնակչությունը հնարավորություն չունի նույնիսկ մշակել գյուղի վարչական տարածքի հողերը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը՝ առաջ գալով ու զբաղեցնելով ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ էին սկսվել, որպեսզի ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադառնան, սակայն վերջինները շարունակում են գյուղի մոտակայքում մնալ։ Բնակչությունը, ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների, կրակոցների հնարավորության նկատառումներից ելնելով, դեռևս չի կարողանում վերադառնալ Փառուխ։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ