ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է անչափահասներին ծեծի ենթարկելու ահազանգերի վերաբերյալ նամակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

նկար

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է, որ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է անչափահասներին ծեծի ենթարկելու ահազանգերի վերաբերյալ իր նամակին։

«Փետրվարի 9-ին ստացել էի ահազանգ, ըստ որի՝ Երևան քաղաքի Էրեբունու ոստիկանության բաժնի աշխատակիցները ծեծել են անչափահասների։ Հրապարակային դարձած տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկի հարցաքննության ժամանակ քննչական մարմնում ոստիկանության աշխատակիցները բռնություն էին կիրառել փաստաբաններ Էմանուել Անանյանի և Մարզպետ Ավագյանի նկատմամբ։

«Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվեցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ՝ իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար։

Կոնվեցիայի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում կանխել դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մյուս ձևերը, որոնք չեն դասվում 1-ին հոդվածում որպես խոշտանգում սահմանվածների շարքին, երբ այդպիսի գործողությունները կատարվում են պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող մեկ այլ անձի կողմից, կամ նրանց հրահրմամբ, կամ նրանց գիտությամբ կամ լուռ համաձայնությամբ։

Շտապ գրություն էի ուղարկել ԵԽ գլխավոր քարտուղարին՝ խնդրելով հասցեական գնահատական ներկայացված՝ հանրության շրջանում խորը մտահոգություններ առաջացրած դեպքի առնչությամբ։

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչից ստացել եմ պատասխան, որ դաժան վերաբերմունքի և անպատժելիության դեմ արդյունավետ պայքարը ԵԽ ցանկացած անդամ պետության վրա դրված կարևորագույն պարտականություններից մեկն է՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի գերակայությունը՝ ի շահ իր քաղաքացիների և իր իրավազորության ներքո գտնվող բոլոր այլ անձանց:

Բուրիչը վստահություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեն կիրականացնի դաժան վերաբերմունքի մասին այդ մեղադրանքների վերաբերյալ արդյունավետ և պատշաճ ժամկետներում նախաքննություն, և որ նոր ձևավորված Ներքին գործերի նախարարությունը հետևողական կլինի, որ ոստիկանությունում պահվողների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ երաշխիքներն ավելի ամուր լինեն:

«ԵԽ-ն կշարունակի աշխատել համապատասխան մարմինների հետ Հայաստանի համար ԵԽ նոր գործողությունների ծրագրի շրջանակներում՝ մեծացնելու ենթադրյալ դաժան վերաբերմունքի դեպքերի հետաքննության արդյունավետությունը»։

Տիկին Բուրիչը միաժամանակ ողջունել է, որ Հայաստանը միացել է ԵԽ անդամ երկրների ոստիկանության ծառայությունների ներկայացուցիչների ցանցին, ինչը կօգնի ապահովել, որ Հայաստանի ոստիկանության աշխատանքը համապատասխանի Եվրոպայի խորհրդի չափանիշներին»:

--00—ԼՄ