Թշնամին Ջերմուկից 4 կմ է հեռու,եթե մտածում են դրանով կզսպեն Ադրբեջանին,թող ամեն մետրի վրա հանք բացեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

7d58d7a6c1c8f51fc3b8d5957586a43f

Ջերմուկցիները չեն հանդուրժելու, որ իրենց տարածքում հանք լինի՝ հատկապես հիմա։ Եթե նախկինում միակ վտանգն այն էր, որ հանքի շահագործման հետևանքով կարող են առողջական խնդիրներ ունենալ, փոշի շնչել, կվնասի իրենց բիզնեսին, կկորցնեն իրենց ապրուստի միջոցը, ապա այժմ ավելացել են նաև անվտանգային խնդիրները։ Թշնամին Ջերմուկից 4 կմ հեռավորության վրա է գտնվում, մի քանի ամիս առաջ ռմբակոծել է Ամուլսարի շուրջ բոլորը և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ վաղն այնտեղ ցիանիդային հարթակ լինելու դեպքում, ռումբ չի ընկնելու, որի հետեւանքով ամբողջ Հայաստանի խմելու ջուրը չի աղտոտվելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նազելի Վարդանյանը՝ նշելով, որ դրանով կլինի Հայաստանի վերջը։

Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։ Ընդ որում՝ շահագործումը թույլատրելու դիմաց Կառավարությունն անհատույց ստանալու է Լիդիան Արմենիա ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը։

Կնքված հուշագիրը, Վարդանյանի դիտարկմամբ, իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չէ, հույս ունի՝ չի էլ լինի։ Ինչ վերաբերում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ապա 2015-2018թթ դատական գործընթացներ կան, որոնցով դեռևս օրինական ուժի մեջ մտած վճիռներ չկան, ինչը ևս ռիսկային է։

«Ինչպես են ասում, որ ռիսկեր չկան։ Կառավարությունն ինչպե՞ս է երաշխավորում։ Եթե վաղը լինի դատական ակտ, որով թույլտվությունները կամ փորձաքննությունների եզրակացությունները ուժը կորցրած կճանաչվի, ինչ են անելու, այդ վնասների հատուցումներն իրենց գրպանի՞ց են տալու, թե՞ պետական բյուջեից, թե՞ ազդեցություն են ունենալու, ճնշո՞ւմ են գործադրելու դատարանների վրա։ Ինչպես են այդ երաշխիքները տալիս»,- նշեց Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ առհասարակ հանքարդյունահանումը չի սկսվի, գումարն էլ բավարար չէ, որ հանքարդյունահանում սկսվի, որովհետև Գնդեվազի և Ջերմուկի բնակիչները դեմ են, ամբողջ Վայոց Ձորի մարզում 12000 ստորագրություն է հավաքվել, հանրագիր է ներկայացվել ավագանուն, որը հավանություն է տվել։

Հատկապես ջեմուկցիների խնդիրը, Վարդանյանի դիտարկմամբ, լուրջ է, ընդհանրապես լսումներ չեն իրականացվել Ջերմուկում, Ջերմուկի ժողովուրդն արհամարհված է, այն դեպքում, եթե ազդագիր համայնքներից որևէ մեկում լսումներ չեն եղել կամ դեմ են բնակիչներն, ապա ընդհանրապես չի կարող դրական եզրակացություն լինել, չի կարող տարածքում հանքարդյունաբերություն իրականացվել։

«Սա անօրինական գործընթաց է, որը սկսվել է 2009թ.-ից և մինչև օրս շարունակվում է, իշխանափոխություն եղավ, բայց նույն գիծը մեր կառավարությունը բռնել է և չի շեղվում»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ջերմուկցիները բողոքում են, չեն հանդուրժելու, որ տարածքում հանք լինի։

«Ջերմուկցին հիմա երկու քարի արանքում է, ինքը չի կարող համաձայն լինել, որ մի կողմից թշնամին կանգնած լինի, մյուս կողմից էլ՝ իրենց հողն ու ջուրը, օդը աղտոտված լինի, իրենք ընդհանրապես չկարողանան այդտեղ ապրել, իսկ եթե հանդուրժեն դա, ապա հետևանքը կլինի այն, որ կթողնեն, կհեռանան, մեկ-երկու տարի այդտեղ ինչ-որ բան որպես հանք կլինի, քանի որ ռուսական կապիտալ է, եւ կհանձնվի ադրբեջանցիներին, ինչպես՝ Սոթքի հանքի դեպքում»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով. «Հիմա ի՞նչ անվտանգության մասին են խոսում մեր պետական այրերը։ Ինձ համար այդ անտրամաբանական եզրույթն անհասկանալի է։ Ինչ անվտանգության մասին է խոսքը, եթե շուրջբոլորը վտանգ է, քանի գնում՝ վտանգներն ավելանում են։ Ի՞նչ երաշխիքների մասին է խոսքը, որ առկա են այնպիսի ռիսկեր, որոնք իրենք չեն կարող հաղթահարել»։

Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք իշխանությունները չեն գիտակցում այդ ռիսկերը, նաև՝ անվտանգային, ռազմավարական տեսանկյունից, Վարդանյանը նշեց, որ գուցե գիտակցում են, հատուկ են անում, այդ հարցը պետք է իրենց տալ։ «Ինչ անվտանգության մասին է խոսքը, եթե 2020թ Արծվանիկի պոչամբարում ռումբ է ընկել այն դեպքում, երբ պատերազմը Արցախում էր, իսկ այժմ նրանք ՀՀ տարածքում են գտնվում, ինչպե՞ս ենք վտանգի նոր օբյեկտ ստեղծում, քի՞չ են այդ օբյեկտները։ Եթե իրենք մտածում են, որ ինչ-որ հանք զսպելու է Ադրբեջանին հարձակումից ու ռմբակոծությունից, թող ամեն մետրի վրա հանք բացեն, ամեն տեղ էլ մի բան կա։ Հակառակը, ինքն ասելու է՝ իրենց ջրերն էլ ենք աղտոտելու, դրա համար են իբրև հարձակվում։ Ի՞նչ են պատասխանելու այդ դեպքում։ Մեզ են գժի տեղ դրել, թե իրենք են տգետ, թե հատուկ են անում՝ չեմ կարող ասել»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ