Ուկրաինացի դիվերսանտները բաց են թողել պատանդ վերցված բուժակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

8e0195f1-fdcd-4de5-a0fb-c65a742a74cc.jpg

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Բրյանսկի մարզ ներթափանցած ուկրաինացի դիվերսանտները պատանդ են վերցրել, ապա ազատել Լյուբեչանե գյուղի բուժակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել է տեղի բնակիչներից մեկը, ով ականատես է եղել միջադեպին։

«Ուկրաինացի դիվերսանտների հարձակման ժամանակ պատանդ է վերցվել Լյուբեչանե գյուղի բուժակը, նա այժմ ազատ է արձակվել։ Բուժաշխատողը անձնական մեքենայով դուրս էր եկել Նովի Ռոպսկ գյուղից, նա մեքենայում մենակ էր», - ասել է գործակալության զրուցակիցը։

Ականատեսի խոսքով՝ տեղի բնակիչներն իրենց տներում են, պատուհանները փակ են, ոչ ոք չի կարող հեռանալ, կրակոցների ձայներ են լսվում։

ТАСС-ը նաև հաղորդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է իր այցը Պյատիգորսկ՝ կապված Բրյանսկում տիրող իրավիճակի հետ: Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Պուտինն ուսուցիչների հետ պլանավորված իր հանդիպումը կանցկացնի տեսակապի միջոցով:

Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ նախագահը ԱԴԾ-ից, ՊՆ-ից և Ռոսգվարդիայից ստանում է զեկույցներ Բրյանսկի մարզում տիրող իրավիճակի և ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ: Պուտինը նաև կապի մեջ է Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հետ:

ТАСС-ը նաև հաղորդում է, որ ուկրաինացի դիվերսանտների գործողությունների ժամանակ վիրավորում ստացած տասը տարեկան տղան գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, ուկրաինացիները մտել են Լյուբեչանե գյուղ, որը գտնվում է Կլիմովսկիի շրջանում՝ անմիջապես Ուկրաինայի սահմանին: Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ ուկրաինական ուժերը կրակել են մեքենայի վրա, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Բացի դրանից, ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել սահմանամերձ Սուշանի գյուղի վրա։ Ուժային կառույցներից ТАСС-ին հայտնել էին, որ, հնարավոր է, դիվերսանտները պատանդ են վերցրել մինչև 6 մարդու։

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ զինվորականների հետ միջոցներ են ձեռնարկվում ՌԴ պետական ​​սահմանը խախտած ուկրաինացի դիվերսանտներին ոչնչացնելու համար։

--00—ԶՀ