ԱՄՆ-ում հայտնել են, որ COVID-19-ի բռնկման պատճառը լաբորատոր արտահոսքն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

943c2ba3-3697-4cb2-b96b-e88ecf5ef21b.jpg

ԱՄՆ-ում հանրապետականները կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Չինաստանի կառավարության դեմ՝ վկայակոչելով երկրի էներգետիկայի նախարարության նոր եզրակացությունը, որտեղ որպես COVID-19-ի բռնկման պատճառ նշվել Է լաբորատորիայից  արտահոսքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս թեմայով Twitter-ում գրառումներ են կատարել մի շարք կոնգրեսականներ:

«Կարևոր Է, որ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը պատասխանատվության ենթարկվի, որպեսզի դա այլևս չկրկնվի», -Twitter-ում գրել է սենատոր Թոմ Քոթոնը:

Նրա կոչին արձագանքել է սենատոր Ռիք Սքոթը:

«Ձախերը վերջին երկու տարում փորձել են գրաքննության ենթարկել ճշմարտությունը և պաշտպանել կոմունիստական ​​Չինաստանը, սակայն փաստերն անվիճելի են... Ժամանակն է այս չար ռեժիմին պատասխանատվության ենթարկել», - Twitter-ում գրել է Սքոթը:

Սենատոր Ջոշ Հոուլին հայտարարել է, որ ինքը կրկին անգամ օրինագիծ կներկայացնի, որը պահանջում է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ինչ Է ԱՄՆ-ի կառավարությունն իմացել Է COVID-19-ի բռնկման մասին:

«ԱՄՆ-ի ժողովուրդն արժանի է COVID-ի ծագման մասին լիակատար ճշմարտությանը: Ես կրկին օրինագիծ կներկայացնեմ, որպեսզի COVID-ի վերաբերյալ ԱՄՆ-ի կառավարության հետախուզական զեկույցները թափանցիկ լինեն մարդկանց համար», - գրել է նա Twitter-ում:

Միևնույն ժամանակ, սենատոր Դեն Սալիվանը NBC-ի եթերում հայտարարել Է, որ Կոնգրեսում պետք է անցկացվեն «լայն հանրային լսումներ COVID-19-ի ծագման վերաբերյալ»:

Ավելի վաղ The Wall Street Journal հրատարակությունը հաղորդել Էր, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարության փորձագետները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, տարածվել է Չինաստանի լաբորատորիայում արտահոսքի պատճառով: Նախարարությունը նման եզրակացության է եկել՝ ուսումնասիրելով նոր հետախուզական տվյալները: Հետաքննությունների դաշնային բյուրոն, օգտագործելով սեփական աղբյուրները, նման եզրահանգման էր եկել 2021թ.-ին:

Այդուհանդերձ, ինչպես գրում Է թերթը, ԱՄՆ-ի իշխանական մարմիններում առայժմ այս հարցում միասնական կարծիք չկա։ Չորս պետական ​​գերատեսչություններ, ինչպես նաև հետախուզության գծով հատուկ կազմված մասնագետների խումբն առաջվա պես հակված է վիրուսի բնական ծագման տեսությանը։ ԱՄՆ-ի ևս երկու գերատեսչություններ դեռ չեն կարող միանշանակ եզրակացության գալ։

Համաճարակի սկսվելուց անմիջապես հետո ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցրած Դոնալդ Թրամփը քանիցս առաջ է քաշել կորոնավիրուսի «լաբորատոր» ծագման վարկածը։ Նա պնդում էր, որ Չինաստանը պետք է փոխհատուցի կորոնավիրուսի պատճառով աշխարհին պատճառված վնասը:

Թրամփը հաճախ է COVID-19-ը նշել որպես «չինական վիրուս», նրա հակառակորդները քննադատել են նման պնդումները։ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք COVID-19-ի ծագումը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

--00—ԶՀ