Քանի դեռ Փաշինյանը և Հարությունյանը պարտվողական կեցվածքով ներկա են, նոր պարտություններ ենք գրանցելու

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Դ

Արցախում նախագահի, գործադիր իշխանության փոփոխությունն անհրաժեշտություն է։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

«Շրջաններում բնակչության հետ շփվելիս հասկանում ենք, որ տրամադրված են պայքարի։ Հանրության մեջ շատ է խոսակցությունը, որ հանկարծ չընդունվեն Ադրբեջանի կողմից ներկայացված նախապայմանները։ Իսկ մնացած առումներով՝ թե՛ միջազգային հանրությունը, թե՛ եռակողմ փաստաթուղթը ստորագրած կողմերը՝ համենայնդեպս Հայաստանը և Ռուսաստանը, պարտավոր են իրենց ամբողջ գործիքակազմը կիրառել օր առաջ շրջափակումը վերացնելու համար»,- ընդգծեց արցախցի պատգամավորը։

Դավիթ Գալստյանը, անդրադառնալով վաղը Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնից ազատվելու և Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի՝ նշանակվելու մասին լուրերին, ասաց, որ քանի դեռ դրա մասին հրաման չկա, իր կողմից մեկնաբանելը ճիշտ չէ։ Ինչ վերաբերում է Արցախում սահմանադրական փոփոխությունների նախագծին, ապա «Արդարություն» խմբակցության ղեկավարն ասաց, որ այն ներկայացվել է, բայց ԱԺ-ի վաղվա լիագումար նիստի օրակարգում ընդգրկված չէ։ Պատգամավորն ընդգծեց, որ Արցախին նոր նախագահ, նախարարների նոր կաբինետ է հարկավոր․ «Հայաստանի իշխանությունն օր առաջ փորձում է ազատվել Արցախից որպես գլխացավանքից, թե «Արցախն ինքը պետք է իր հարցերը լուծի Ստեփանակերտ-Բաքու ուղիղ կապով»։

Եվ չի ասում՝ այդ կապն ինչ մակարդակի պետք է լինի, Արցախը որպես սուբյե՞կտ, թե՞ որպես օբյեկտ պետք է լինի, ինչպե՞ս պետք է մասնակցի բանակցություններին։ Ադրբեջանը հոխորտում է, որ չի պատրաստվում հավասարը հավասարի պես խոսել Արցախի հետ, նախապայմաններով է խոսում, իսկ օրվա իշխանությունների կրավորական կեցվածքը մտահոգիչ է։ Մենք ականատես ենք եղել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Արայիկ Հարությունյանի պարտվողական կեցվածքին։ Սա պետք է մեզ համար ուղենիշ դառնա։

Եվ պետք է փորձենք այս իշխանություններից օր առաջ ազատվել, որպեսզի երկիրը կարողանանք դուրս հանել այս ճգնաժամային իրավիճակից։ Քանի կան պարտված իշխանություններ, մեզ նորանոր պարտություններ են սպասվում»։ Ընդդիմադիր գործիչն ասաց, որ անկախ անձերից, ի պաշտոնե պարտված իշխանությունն ի զորու չէ երկրի առջև ծառացած մարտահրավերներին օբյեկտիվորեն ու հստակ լուծումներ տալ․ «Լինելով պարտված կողմ՝ միշտ պարտադրելու են պարտվողական որոշումներ, որոնց ավելի հեշտ կհամաձայնեն, քան նոր իշխանությունները, որոնք պարտության խորհրդանիշ չեն հայ ժողովրդի համար։

Իսկ իշխանության փոփոխությունը պետք է անցնցում և սահմանադրական բարեփոխումներով լինի, որի մասին բազմիցս բարձրաձայնվել է ընդդիմության կողմից։ Բայց օրվա իշխանությունները գալիս-հասցնում են մի մակարդակի ու տապալում այն՝ արհետականորեն ձևակերպելով որպես հանրային դժգոհություն։

Նման գործիքակազմով տապալում են նախաձեռնությունները, ինչը խոսում է նրա մասին, որ իրենց համար ընդունելի չէ նոր իշխանությունների գալը։ Երևի թե մտածում են, որ այդ պարտության մեջ իրենց դերն ավելի կհստակեցվի նոր իշխանության կողմից»։ «Նոյեմբերի 9-ից հետո մենք գրեթե մեր բոլոր հարցազրույցներում ասել ենք, որ պարտված իշխանություններն ի զորու չեն բարձր մակարդակի հարցեր լուծել։ Պարտված իշխանությունների թե՛ լեզուն է կարճ, թե՛ կեցվածքն է պարտվողական»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Փետրվարի 13-ին հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ