Եթե Բաքուն ՄԱԿ ԱԽ անդամների կոչերով չվերադառնա կառուցողական դաշտ, հուսով ենք՝ պատժամիջոցներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Դ

Ողջունելի են այն երկրները, որոնք հասցեական դատապարտեցին Ադրբեջանին, բոլոր երկրները, որոնք կոչ արեցին վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում միջանցքի կարգավիճակին։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՄԱԿ ԱԽ-ում Լաչինի միջանցքի փակման հարցով տեղի ունեցած քննարկմանը։

Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդը քննարկում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10։30-ից «բնապահպան» ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ մայրուղին (Լաչինի միջանցք) Շուշի – Քարին տակ հատվածում։ Ադրբեջանցիներն այդ օրվանից վրաններ են խփել ու գիշերում են տեղում՝ շարունակելով հավաքը։ Մայրուղու արգելափակման հետեւանքով արցախահայությունը հումանիտար լուրջ խնդիրների առջև է կանգնած։ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ներկայացուցիչները, ԱԽ ոչ մշտական անդամներ՝ Մեքսիկան, Քենիան, Նորվեգիան, Հնդկաստանը և Իռլանդիան քննարկմանը հանդես եկան Լաչինի միջանցքի անխափանությունը վերականգնելու հստակ դիրքորոշմամբ։

ԱԽ մշտական մյուս անդամ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը շեշտեց Լաչինի միջանցքի բացման կարևորությունը, ընդգծեց եռակողմ հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը։ Ելույթ ունեցողների որոշ մասը նույնպես ընդգծեց ՌԴ միջնորդությամբ կնքված եռակողմ հայտարարություննների դրույթները պահպանելու անհրաժեշտությունը։

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ Ադրբեջանը չկարողացավ իր կեղծ օրակարգը համոզիչ դարձնել, երբ ԱԽ նիստին այդ երկրի ներկայացուցիչն ասաց, թե իբր Արցախում չկա հումանիտար աղետ։

«Ընդհանուր առմամբ, եթե ՄԱԿ ԱԽ անդամների կոչերով 1-2 օրվա ընթացքում Ադրբեջանը չվերադառնա կառուցողական դաշտ, հուսով ենք, որ գործնական քայլեր, պատժամիջոցներ էլ կլինեն», - ընդգծեց արցախցի պատգամավորը։ «Եթե կոչին Ադրբեջանը չհետևի, ինձ չի թվում՝ միջագային հանրությունն անտարբեր կմնա իր իսկ հորդորներին», - եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ