Արցախը բանակցային կողմ կդառնա միան միջազգայնորեն հաստատված ձևաչափով, մնացածը մանիպուլյացիաներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Դ

Թե՛ Ալեն Սիմոնյանը, թե՛ ՀՀ իշխանական թևերը փափուկ բարձ են դնում ժողովրդի ու Արցախի իշխանությունների գլխի տակ, որպեսզի թշնամի երկրի ղեկավարին տված խոստումը վերջնական կետին հասցնեն։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Հոկտեմբերի 14-ին Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ եղել են շատ հարցեր, որ Ադրբեջանը քննարկել և բանակցել է Արցախի իշխանությունների հետ:

«Ադրբեջանը գտնվում է մշտական կապի մեջ Արցախի օրինական իշխանությունների հետ շատ հարցերում: Նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանությունները ինֆորմացիոն առումով ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք», - ասել էր նա։

Պատգամավոր Դավիթ Գալստյանի խոսքերով, Արցախից պատվիրակություն էր եկել Հայաստան հենց Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցություններ սկսելու թեմայով։ «Եթե Արցախի և Ադրբեջանի իշխանությունները կապի մեջ են կամ բանակցում են, ապա այդ հարցով ինչո՞ւ պատվիրակություն պետք է գնար Հայաստան։ ՀՀ իշխանությունները փորձում են Արցախը թողնել ադրբեջանաթուրքական տանդեմի առջև՝ դրանով իսկ փորձելով անել այն, ինչ չէր հաջողվում Ադրբեջանին այսքան տարի, այսինքն՝ փակել արցախյան հարցը»։

Ինչ վերաբերում է արցախյան և ադրբեջանական կողմերի միջև գազի, ջրի հարցերով շփումներին, ապա «Արդարություն» խմբակցության ղեկավարը նշեց, որ այս թեմայով հարցադրումներ արել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին. «Դա չի նշանակում, որ Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցում են։ Արայիկ Հարությունյանը դա որակել էր որպես «օպերատիվ հարց»՝ այն կապելով տեղում ինչ-որ խնդրի լուծման հետ, ոչ թե ադրբեջանական իշխանությունների հետ բանակցելու»։

Ըստ Գալստյանի՝ Հայաստանի իշխանություններն արցախյան և ադրբեջանական կողմերի միջև օպերատիվ շփումները փորձում են ներկայացնել որպես բանակցություններ. «Արցախի և Ադրբեջանի որոշ անձանց հանդիպումները պարտադրված բնույթ էին կրում՝ ջրի, գազի խնդիրներին լուծում տալու համար։ Բայց Նիկոլ Փաշինյանը և իր խունտան, այդ հանդիպումները ներկայացնելով որպես բանակցություններ, փորձում են հանրությանը մոլորեցնել, թե իբր Արցախի և Ադրբեջանի միջև ընթանում են բանակցություններ։ Սա մանիպուլյատիվ կերպով ներկայացնում են որպես ձեռքբերում։

Բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր անհնար է արցախահայության և Ադրբեջանի որևէ ներկայացուցչի մակարդակով հանդիպում, որը կարող է որակվել որպես բանակցություն»։ Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ հեռախոսազրույց է եղել ՀՀ վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի միջև։ Ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը։

Հոկտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը 24News-ին ասել էր, որ միշտ էլ քննարկվում է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության հնարավորությունը, «լինի դա ԱՄՆ-ի հետ գործակցության կամ այլ ֆորմատներով»:

Պատգամավոր Դավիթ Գալստյանն ասաց, որ եթե Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, ապա միմիայն միջազգային հանրության կողմից հաստատված որևէ ձևաչափով, օր.՝ Մինսկի խմբի ձևաչափով. «Դրանով արդեն իրավական տեսանկյունից կհաստատվի, որ Արցախը դարձել է բանակցային կողմ և բանակցում է»։

«Ցավոք սրտի, առընչվում ենք այն փաստի հետ, որ Փաշինյանի նման ոչ հայամետ գործիչն է Արցախի անունից բանակցողը։ Ես անձամբ և արցախահայությունը չենք ընդունում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, բայց կա այսպիսի մի արտահայտություն՝ «ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան պատերազմը»։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է, որ պետք է բանակցի Արցախի անունից, ինքնորոշման իրավունքի տեսանկյունից, ապա դա նշանակում է, որ Արցախը տանում է կործանման», - եզրափակեց արցախցի գործիչը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ