Իշխանությունները կտերը կերել են, թե Արցախին կապող նոր ճանապարհը միջանցք է լինելու. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

3660d662-fa45-4290-a59a-fc335e21a3e1.jpg

Հանդիպման ժամանակ ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը վստահեցրել է մեզ, որ Լաչինի միջանցքն անվտանգ է լինելու այնքան ժամանակ, մինչեւ նորը հանձնեն շահագործման։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Հայաստանն Արցախին կապող նոր՝ Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով պետք է մտնի Արցախ՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով: Ադրբեջանական կողմն իր մասով այն ավարտին է հասցրել։

Պատգամավոր Դավիթ Գալստյանն ասաց, որ Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքով երթեւեկությունը շարունակվում է, իսկ նոր ճանապարհի շինարարությունը, որի վերահսկողության համար պետք է տեղափոխվեն խաղաղապահները, դեռ ավարտին հասցված չէ։

«Խոսակցություն կա, որ գալիք շաբաթ նոր ճանապարհը կհանձնվի շահագործման։ Ցավոք, իշխանությունները կտերը կերել են, թե նոր ճանապարհը միջանցք է լինելու։ Գործող ճանապարհից 2,5 կմ աջ, 2,5 կմ ձախ միջանցքի տրամաբանությունն է։ Ճանապարհը, որը պետք է կառուցվեր որպես միջանցք համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի 2-րդ ենթակետի, միջանցքային տրամաբանությունից դուրս է։ Գործող միջանցքը, իմ համոզմամբ, փոխարինվելու է անվտանգ ճանապարհով, ոչ թե միջանցքով։ Եթե եռակողմ նոր փաստաթուղթ չլինի, որ նոր ճանապարհը լինելու է նույն միջանցքը, այն լինելու է ուղղակի ճանապարհ։ Եվ այդ ճանապարհը վերահսկելու է ռուս խաղաղապահը 2,5 կմ աջ ու ձախ կոորդինատներով», - ընդգծեց Դավիթ Գալստյանը։

Պատգամավորը շեշտեց, որ միջանցքը միայն անվտանգ ճանապարհը չէ. «Կան շատ հարցեր, օր.՝ միջանցքում ի՞նչ օրենքներ են գործելու։ Ռուսական կողմը մեզ հավաստիացրել է, որ խաղաղապահներն են վերահսկելու նոր ճանապարհը, բայց մնացած հարցերի պատասխանները հայտնի չեն։ Քանի որ եռակողմ հայտարարությունը քաղաքական բնույթ ունի, ռուս խաղաղապահների ղեկավարությունը չի կարող այդ հարցերին պատասխանել։ Բայց որ նույն անվտանգությունն է ապահովվելու նոր ճանապարհին, մեզ վստահեցրել են»։

Դավիթ Գալստյանն ասաց, որ նոր ճանապարհն անվանելու են Լաչինի միջանցք։

«Հիշո՞ւմ եք, Ալիեւը հայտարարում էր, որ «Նախիջեւանին կապող ինչ ճանապարհ մեզ կտրամադրեք, այդպիսին էլ մենք կտրամադրենք Արցախին կապող»։ Այսինքն՝ չկարողացանք պահպանել այն, ինչի տակ ստորագրել են Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը։ Եթե միջանցքի մասով եռակողմ փաստաթուղթ չլինի, դա կնշանակի, որ միջանցքի տրամաբանությունը դուրս է գալիս։ Այսօր Ալիեւը չի կարողանում հասնել իր նպատակին՝ վերցնել «Զանգեզուրի միջանցքը»։ Ադրբեջանն արդեն ունի տրամադրած միջանցք, սակայն փորձում է միջանցքի տրամաբանությունն առոչինչ սարքել, որպեսզի կարողանա հիմնավորել՝ «Ինչպիսի ճանապարհ իրենք են տվել, այնպիսինն էլ մենք ենք տվել»։ Այսինքն՝ Ալիեւն արդեն իսկ կայացած փաստը՝ տրամադրված միջանցքը, փորձում է չեղարկել», - եզրափակեց «Արդարություն» խմբակցության ղեկավարը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ