ՀՀ-ում ապրող արցախցիները Նիկոլի ջրաղացին ջուր չլցնելու համար փողոց չելան, գիտեն՝ նրա կազմակերպածն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

  

aa

Օրեր առաջ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ սկիզբ են դնում համաժողովրդական շարժման և ամենօրյա ռեժիմով ակցիաներ են իրականացնելու՝ այս եղանակով փորձելով միջազգային հանրության, ՀՀ իշխանությունների և ՌԴ-ի ուշադրությունը հրավիրել Արցախում տիրող իրավիճակին, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության պատճառով։ 24News-ը թեմայի առնչությամբ զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ։ 

« -Պարոն Գալստյան, այս պահին ի՞նչ իրավիճակ է Արցախում։

-Մեկնարկած համաժողովրդական շարժումը ակտիվ փուլում չէ այս պահին, համենայնդեպս, գնալով մարելու է։ Եթե իրական այն պատճառները, այն անձինք, որ բերել հասցրել են այս վիճակին, իրական մեղավորների անունները չհնչեցվեն, ամեն ինչ ձախողվելու է։ Հասարակությունն էլ է հասկանում, որ սա հնարավոր է՝ իմիտացիա է, դրա համար ակտիվություն չի ցուցաբերում։

-Պետնախարարը նշում էր, որ ամենօրյա ռեժիմով են ակցիաներ իրականացնելու, այս ամենը հօդս ցնդե՞ց։

-Ես չեմ կարող ասել՝ ինչու՞ չի լինում։ Առաջին օրվա ակնկալիքները, որ պետք է համաժողովրդական շարժում սկսել և ոչ հայ ազգի շահերից հանդես եկող անձանց հեռացնել իշխանությունից, ցավոք սրտի, այդ սպասումները չարդարացան։ Փորձում են ժողովրդի մեջ կուտակված էներգիան ուղղորդել այն հունով, որ ապահովեն իրենց իշխանության շարունակակությունը, ոչ թե՝ փորձում են հանուն հայրենիքի, իրական մեղավորներին պատասխանատվության կոչեր անել։

-Ձեր խոսքից ճի՞շտ եմ հասկանում՝ Արայիկ Հարությունյանի մասի՞ն եք ակնարկում, երբ հայտարարեց, որ գնում է ծայրահեղ քայլի՝ նստացույց է անելու։

-Արցախի նախագահը, եթե իրականում ծայարհեղ քայլերի գնալու լիներ, նա պետք է ասեր, թե ինչպե՞ս հայտնվեցինք այս իրավիճակում, և ինչու՞ այս իրավիճակում անգամ մենք չենք համախմբվում։ Երբ խոսում ենք համախմբման մասին, դա կարող է անել միայն ու միայն իշխանությունը, որովհետև, եթե իշխանությունը չցանկացավ համախմբում, ապա տարբեր գործիքակազմերով այդ համախմբումը թույլ չի տա։ Եթե ցանկանա՝ մեկ օրվա հարց է։ Պետք է ազնիվ խոսեն, ազնիվ լինեն մեկը մյուսի նկատմամբ և հասկանան, որ այո՛ այսօր մեզ պետք է համախմբել, ոչ թե մի անձի փրկելու համար, այլ՝ հայրենիք։ Բայց սրանք ուզում են առանց Նիկոլ Փաշինյանին, առանց հենց իրենց ցավ պատճառելու ջրից չոր դուրս գալ։ Փորձում են ցույց տալ, որ իրենք ժողովրդի հետ են, բայց իրականում դա այդպես չէ, իրենք ժողովրդին մանիպուլացնում են։

-Այս պահին Արայիկ Հարությունյանն ի՞նչ պետք է անի, որ չի անում։

- Երբ  Նիկոլ Փաշինյանն  ասում էր՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն է, պետք է հայտարարեին, որ հակասահմանադրական արտահայտություն է արել, որը հակասում է Գերագույն խորհրդի որոշմանը և թույլ չենք տալու երբևիցե նման իշխանությունները որոշեն Արցախի ճակատագիրը։ 

Կա՛մ պետք է իրենք վերանայեն Արցախի մասով իրենց գործողությունները, որոնք հայանպաստ չեն այսօրվա դրությամբ, կա՛մ պետք է հեռանան և մենք ամեն ինչ անելու ենք, եթե փոփոխություն տեղի չունեցավ։ Եվ քանի որ Արայիկ Հարությունյանն ինքը ազնիվ չէ ժողովրդի հետ, դրա պատճառով էլ վստահություն չի ներշնչում իր ձեռնարկած ցանկացած քայլ։
 

-Չե՞ք կարծում որ, եթե չասեմ վաղուց, այլ մի փոքր ուշացել ենք արդեն այդ արտահայտություններն արտաբերելուց կամ գործողությունների գնալուց։

-Արայիկ Հարությունյանը, դրանք արտաբերելով, պետք է նշի նաև այն գործնական քայլերը կամ գործիքակազմը, որով առաջնորդվելու են։ Բացահայտումներ պետք է լինեն՝ ինչպե՞ս Շուշին ու Հադրութը հայտնվեցին Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ինչպե՞ս պատերազմի օրերին #հաղթելուենք կարգախոսը տարավ պարտության։ Երբ Արայիկ Հարությունյանը պատերազմի վերջին օրերին  արդեն իսկ դուրս էր եկել Նիկոլի «կանտրոլից» և հայտարարում էր, որ Շուշին ընկնում է և օգնության էր կանչում համայն հայությանը, այ էդ դրդապատճառներից պետք է խոսի։

-Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովում խոսել է Շուշիի ու Հադրութի անկման մասին, իր խոսքում մի քանի անգամ շեշտել է, որ պատերազմի ժամանակ հակասություններ են եղել ԳՇ-ի ու Արայիկ Հարությունյանի հայտնած տեղեկությունների մեջ։

- Նրանք երբ պետք է հակասող խոսքեր ասեն իրենց իշխանությունը երկարաձգելու համար՝ պայմանավորված իրար հակասում են, երբ  պետք է միասնական լինեն՝ միասնական են, սրանք մանիպուլիացիաներ են։ Եթե Արայիկ Հարությունյանի մեղքը կա, ուրեմն Նիկոլ Փաշինյանը պետք է խոսի, իսկ, եթե հակառակը, ուրեմն ակնկալվում է, որ Արայիկ Հարությունյանը պետք է խոսի։ Եթե  Նիկոլ Փաշինյանը, օրինակ, հայտարարում է, որ Արցախի իշխանություններն են մեղավոր և հակընդդեմ պատասխան չի հնչում, թե սուտ է ասում, ապա սա պայմանավորված է։ Հիմա էլ ժողովրդին հասցրել են այն իրավիճակին, որ թացը չորից չեն տարբերում։

-Անդրադառնանք Ձեր այն պատասխանին, որ նշեցիք՝ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու հետ կապված, ես ինչու էի ասում՝ ուշ չէ՞, քանի որ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման ժամանակ կրկին վերահաստատվեց միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչումը՝ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի սահմանը ներառյալ՝ Արցախի Հանրապետությունը։

-Տեսեք, բանակցությունների  պատմության ողջ ընթացքում՝ սկսած 1994 թվականից, ոչ ոք կասկածի տակ չի դրել  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց շարունակել են նաև պնդել, որ Արցախի Հանրապետությունը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, որովհետև Արցախի Հանրապետությունը Խորհրդային միությունից է ինքնորոշվել և դա կայացած փաստ է։ Եվ այս փաստի մասին խոսվել է բոլոր բանակցությունների ընթացքում, և չգիտես ինչու՝ Նիկոլ Փաշինյանը չի խոսում։ Եվ դրա համար հայտնվել են այնպիսի մի իրավիճակում, որ այլևս Ադրբեջանն է թելադրում բանակցությունների ընթացքը։

-Արցախում ձևավորված համաժողովրդական շարժման որպես շարունակություն Հայաստանում ևս ակցիաներ են իրականացվում, արդյոք հետևո՞ւմ եք այստեղ ընթացող պրոցեսներին և ինչո՞վ կբացատրեք այստեղ տեղի ունեցող ընդվզումների սակավաթվությունը, ու՞ր են այն տասնյակ հազարավոր տեղահանված արցախցիները, որոնք գտնվում են Հայաստանում, բայց այս ակցիաների առաջին շարքերում չեն։

-Մենք, երևի թե շատ վեհ արտահայտություններ ենք հնչեցնում՝ համաժողովրդական շարժում ասելով, սա բոլորն էլ հասկացել են, որ իշխանության կազմակերպած միջոցառումն է։ Եվ ես ունեմ տեղեկություն, որ Հայաստանում նույն կազմակերպիչներին հրահանգավորված է, որ հանկարծ մեղավորների անուններ չհնչեցնեն։ Շատ ու շատ արցախցիներ զանգում են ինձ  և ասում, որ կարծես թե Նիկոլի կազմակերպած ակցիան լինի։ Բոլորից պահանջում են, բոլորը մեղավոր են բացի իրական մեղավորներից։ Եվ այդտեղ գտնվող մեր արցահայերը, ովքեր դուրս չեն գալիս՝ հենց Նիկոլի ջրաղացին ջուր չլցնելու համար դուրս չեն գալիս։ 

-Ակցիայի մասկիցներին, երբ մենք հարց ենք հղում՝ ինչու՞ եք միայն միջազգային կառույցների մոտ ակցիա իրականացնում, պնդում են, որ այլևս ՀՀ իշխանություններից, որոնք Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, պահանջներ չունեն։

-Մասնակիցները, հնարավոր է, որ այո՛ մասնակցում են, մտածելով, որ սա իրոք օգուտ է տալու Արցախին, բայց կազմակերպիչները թույլ չեն տալիս, ամբիոնից հանդես գան այնպիսի մարդիկ, ովքեր կպատմեն իրականությունը։

-Կազմակերպիչներ ովքե՞ր են։

-Նախագահի օգնական, շտաբի պետ՝ նրանք կատարում են նախագահի հանձնարարականը, իսկ, եթե Արցախի նախագահը չի խոսում դրա մասին, ինչպե՞ս կարող է նրա խորհրդականը կամ իր նշանակած շտաբի պետը խոսեն իրական պատճառների մասին»։

 

 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ