Հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որ ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

35931e3827b96164ad924acb08e16c2e

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալվել է «Հետք» մեդիա գործարանում: Նախարարը հանդես է եկել դասախոսությամբ՝ կրթության ոլորտի բարեփոխումների թեմայով, պատասխանել ապագա հետաքննող լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Ներկայացնելով կրթության ոլորտում կատարվող համակարգային փոփոխությունները՝ նախարարը մանրամասնել է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող պետական համալիր ծրագրերը:

Նրա խոսքով՝ առաջինը ուսուցիչների վարձատրությունը բարձրացնելու համալիր ծրագրերն են, որոնք փոխկապակցված են մասնագիտական զարգացման հետ: Այդ ծրագրերից մեկը կամավոր ատեստավորման համակարգն է, որի հիմքում առարկայական գիտելիքի իմացությունն է, մյուսը՝ տարակարգի մեխանիզմն է, որն հիմնված է ուսուցչի մանկավարժական հմտությունների վրա: «Այս երկու ծրագրերն էլ ենթադրում են հավելավճարի տրամադրում և նպատակ ունեն խթանել ուսուցչի մասնագիտական աճը:

Մենք ունենք առանձնահատուկ դեպքեր, երբ համընդհանուր բարելավումների ազդեցությունը նկատելի չէ: Խոսքը գյուղական փոքր՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մասին է, որտեղ դասավանդվող ժամաքանակները քիչ են:

Նման դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների մոտ 30 տոկոսը: Այս դպրոցներում բոլոր ուսուցիչներն այս տարվանից սկսած հավելավճար են ստանալու: Նույն մոտեցումը կիրառվում է նաև բնագիտական առարկաների ուսուցիչների համար, քանի որ հատկապես այս ուղղությամբ մենք ունենք ուսուցիչների պակաս

Երկրորդ՝ պետք է աշխատանք տարվի մանկավարժ դառնալու մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ: Դրանով պետք է զբաղվեն դպրոցների մասնագիտական կողմնորոշման ակումբները, որոնք, ըստ հանրակրթության պետական նոր չափորոշչի, պարտադիր են և գործելու են բոլոր դպրոցներում:

Բնականաբար, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որ ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծանա և այդ նպատակով նախատեսում ենք բուհական կրթաթոշակների տրամադրում, որով բարձրագույն կրթության ամբողջական ծախսի հատուցում կապահովվի:

Ներդրել ենք նաև կրկնակի մասնագիտացումների շնորհման համակարգ, որով նույն մասնագետին երկու առարկայի դասավանդման որակավորում է շնորհվելու՝ օրինակ` կենսաբանության և քիմիայի կամ ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ: Արդեն այս տարվանից այս համակարգով ընդունելություն է արվելու:

Հաջորդ քայլը ուսուցչի աշխատանքի կառուցվածքի փոփոխությունն է: Ներկայում մեկ դրույք ծանրաբեռնվածությունը շաբաթական 22 դասաժամ է կազմում, ինչը մեծ բեռնվածություն է: Ստացվում է, որ ուսուցիչն անընդհատ պետք է դասարան մտնի, իսկ օրինակ` գնահատման, հավելյալ այլ աշխատանքի համար ժամանակ չի ունենում: Նոր չափորոշչով ուսուցչի ծանրաբեռնվածությունը նվազեցվում է՝ դրույքաչափը կրտսեր դպրոցում սահմանվում է շաբաթական 18, իսկ միջին և ավագ դասարաններում` 20 դասաժամ:

Հաջորդ ուղղությունը մասնագիտական զարգացման քաղաքականության փոփոխությունն է: Մինչ այժմ գործող պարտադիր ատեստավորման համակարգն ընդհանուր էր բոլորի համար: Բոլոր ուսուցիչներն անցնում էին նույն վերապատրաստումները՝ անկախ իրենց կարիքից, փորձառությունից, ունեցած հմտությունից: Մենք անգամ ունեցել ենք դեպք, երբ նույն ուսուցիչը, որը եղել է տվյալ ծրագրով վերապատրաստող, հետագայում ինքն է անցել նույն վերապատրաստման դասընթացը, քանի որ դա օրենքի պահանջ էր:

Այս համակարգը ևս ամբողջությամբ վերանայվել է: Ուսուցչի ատեստավորումն ու վերապատրաստումը, որի համար պետությունն ամեն տարի գումարներ է հատկացնում, պետք է հիմնված լինի ուսուցչի մասնագիտական կարիքի վրա»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ մասնագիտական կարիքի բացահայտումն արվելու է գնահատման միջոցով:

Նա նաև նշել է, որ մասնագիտական զարգացման առաջնային ուղղություն է դիտվում ներառական կրթության հմտությունների ապահովումը: Այդ նպատակով փոփոխվել են ֆինանսավորման սկզբունքները, ներդրվել է ուսուցչի օգնականի ինստիտուտը, որի արդյունավետության բարձրացումն օրակարգային հարցերից է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բուհերի ակադեմիական ազատությունների, բուհական կրթական ծրագրերի և դասագրքերի, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերությունների վերաբերյալ հարցերին:

--00—ՅՄ