Մինասյանն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

news_7776039181933_IMG_0128

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, մասնավորապես, անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին, պրոբացիայի ծառայության, Արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծման, հաշտարարության ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքներին:

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումները միտված են բարեփոխելու դատական համակարգն ու թեթևացնելու դատարանների գերծանրաբեռնվածությունը:

Խոսելով՝ հանրային կառավարման բարեփոխումների մասին, նախարարը նշել է, որ այս բարեփոխումն ուղենիշային է երկրի զարգացման համար և այն Կառավարության առաջնահերթություններից մեկն է:

Նախարարը նշել է, որ Արդարադատության ոլորտում առկա իրավիճակը բարելավելու նպատակով՝ ներկայումս իրականացվում են նաև թվայնացման ոլորտի աշխատանքներ, մասնավորապես էլեկտրոնային արդարադատության՝ E-Justice հարթակի պատրաստման ուղղությամբ: 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են բարեփոխելու արդարադատության ոլորտը:

Հանդիպմանը՝ նախարարն ու դեսպանը խոսել են հնարավոր աջակցության և արդարադատության ոլորտի բարելավման նպատակով փորձի փոխանակման կարևորության մասին:

Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ու մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: 

--00—ՅՄ