Հաստատության տեսանելի հատվածներում պետք է տեղադրված լինեն ծխախոտի օգտագործման արգելքի ցուցանակներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

․

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչներից) և (կամ) ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների, գովազդի, իրացման (վաճառքի) խթանման արգելքի ու սահմանափակումների, ինչպես նաև օգտագործման սահմանափակումների ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է.

հաստատություններում, մարմիններում, վայրերում և տարածքներում տեսանելի հատվածներում տվյալ հաստատության, մարմնի ղեկավարի կողմից պետք է տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մայիսի 27-ի N 14-ն հրամանով սահմանված են ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներին ներկայացվող պահանջները։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 173.3-րդ հոդվածով սահմանված է, որ օրենքով նախատեսված դեպքերում հաստատությունների կամ հիմնարկների կամ վայրերի կամ տարածքների տեսանելի հատվածներում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների բացակայությունը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Մանրամասները՝ տեսչական մարմնի պաշտոնական կայքում։

--00--ԱՀ