Որոշեցի հետաձգել հանրահավաքն ու գնալ շրջաններ՝ ժողովրդի հետ շփվելու. Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Արցախի պետնախարար Ռուբեն վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ փոխվել են պլանները, և հայտարարված հանրահավաքը վաղը չի կայանա, այն հետաձգվում է։ Վաղը հանդիպելու է Մարտակերտի, հաջորդ օրը՝ Մարտունու, ապա Ասկերանի բնակիչների հետ։

«Շրջաններում հանդիպումներից հետո նոր կհասկանանք՝ ինչպես կազմակերպել հանրահավաքը Ստեփանակերտում»,-նշեց Ռուբեն Վարդանյանը։

Նրա ձևակերպմամբ՝ իրավիճակը փոխվում է շատ դինամիկ, և իրենք իսկապես ուզում են որոշումներ կայացնելիս հիմնվել բոլոր քաղաքացիների կարծիքի վրա։ Ամեն որոշում լինելու է պատմական։

«Ես ուզում եմ այս հանրահավաքը նման լինի 90-ականների սկզբի հանրահավաքներին։ Դրա համար ես խորհրդակցություններ ունեցա տարբեր մարդկանց հետ, քաղաքական գործիչների հետ, որ կարողանանք գտնել  բանաձևը, որով կկարողանանք անել այն, ինչն ամենակարևորն է»,-պարզաբանեց Արցախի պետնախարարը։

Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները․ տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

--00—ԶՀ