Չարենցավանում՝ շենքի աստիճաններին, հայտնաբերվել է դի․ կասկածյալը կարճ ժամանակ անց ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

11

Դեկտեմբերի 12-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմանում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկը, որտեղ աստիճանների վրա հայտնաբերել են տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի մուտքի 2-րդ հարկից դեպի 3-րդ հարկ բարձրացող աստիճանների վրա հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 62-ամյա Գ․ Նաղդալյանի դին։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել  նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գրիգորյանը։ Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։40-ի սահմանում, Գ․ Նաղդալյանի և նույն շենքի բնակիչ 30-ամյա Ա․ Բադալյանի միջև վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է․ Գ․ Նաղդալյանի ձախ ազդրին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ 

Կոտայքի մարզի ոստիկանները տաք հետքերով՝ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասում հայտնաբերել են կասկածյալ Ա․ Բադալյանին, ում մոտ նաև հայտնաբերվել է հանցագործության գործիք-դանակը։ Վերջինս ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ և ձերբակալվել։ 

--00—ԼՄ