ՀՀ-ԵՄ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը կբարելավի քաղաքացիների կյանքի որակը. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

4

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 5-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի ներկա էր նաեւ ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը:

Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Մեծարգո պարոն Զիբերթ,

Ձերդ գերազանցություն, տիկին Վիկտորին,

Ձերդ գերազանցություն հարգարժան դեսպաններ,

Sիկնայք եւ պարոնայք,

Թույլ տվեք Կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորել բոլորիս Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ 2017 թվականին կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հնգամյա հոբելյանի կապակցությամբ:

Ստորագրումից ի վեր Համաձայնագիրը եղել է Կառավարության հիմնարար բարեփոխումների հենասյուներից մեկը՝ նպաստելով եվրոպական լավագույն փորձի հիման վրա ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ներառական եւ մրցակցային տնտեսության ձեւավորմանը, ինչպես նաեւ մարդկային կապիտալի շարունակական զարգացմանը:

Մենք վստահ ենք, որ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը զգալիորեն կբարելավի մեր քաղաքացիների կյանքի որակը, քանի որ այն առնչվում է մեր պետության եւ մեր քաղաքացիների զարգացման համար անհրաժեշտ բոլոր առանցքային ուղղություններին:

Հարկ է նշել, որ այս 5 տարիների ընթացքում Կառավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ապահովելու փաստաթղթի պատշաճ եւ ժամանակին կիրարկումը:

Գործընթացի համակարգման եւ մշտադիտարկման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ իմ գլխավորությամբ եւ մշակվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ամբողջական ճանապարհային քարտեզը:

Կցանկանայի հատուկ մատնանշել մի քանի առանցքային ռազմավարություն, որոնք հաջողությամբ մշակվել եւ իրականացվում են CEPA-ի ներքո մեր համագործակցության շրջանակում: Դրանք են Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների եւ Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունները:

Հարգելի՛ ներկաներ,

Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս եւ ընդգծել, որ Համաձայնագրի ամբողջական եւ արդյունավետ կիրարկումը հնարավոր է միայն բոլորիս ջանքերի համատեղման միջոցով, ուստի Կառավարությունը շարունակում է բաց մնալ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական քննարկումների եւ համագործակցության համար՝ ի նպաստ Հայաստան-Եվրամիություն բարեկամական հարաբերությունների զարգացման եւ մեր քաղաքացիների բարեկեցության։

Շնորհակալություն»:

--00—ԻԴ

Տեսանյութեր