Մամուլի, խոսքի ազատության զարգացման գործում մեր կառավարությունը շարունակելու է ամեն ինչ անել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

հ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ մամուլի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում նշված է.

«Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ:  

Այս տոնը կոչված է մեկ անգամ ևս արժևորելու և նշանավորելու ազատ խոսքի դերն ու կշիռը մեր հասարակության տարբեր շերտերում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով: 

  Այս օրերին, երբ ազգովի բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնում, դրանց հաղթահարման ճանապարհին հայ մամուլը կարևոր անելիք ունի, քանի որ մամուլի առանցքային դերերից է առողջ մտածելակերպով կայուն հասարակության ձևավորումը, տարբեր ոլորտներում թափանցիկության ապահովումն ու իրականության պատշաճ իրազեկումը: Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն ունենք Հայաստանում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն:  

Սիրելի լրագրողներ, Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ,   Ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում մաղթում եմ արդյունավետ գործունեություն, ստեղծագործական վերելքներ, մշտապես կատարելագործվելու կամք և ձգտում:»

--00—ԱՊ