ՀՀ ոստիկանապետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են  համագործակցության հետագա ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։
Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը կարևորեց Հայաստանի ոստիկանության և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու վստահություն հայտնեց, որ հանդիպումն ավելի կզարգացնի երկկողմ փոխգործակցությունը։
Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ցավակցություն հայտնեց սեպտեմբերին Հայաստանի սահմաններին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։
Արտակարգ և լիազոր դեսպանը խոսեց համագործակցության հետագա ուղղությունների, մասնավորապես՝ հայ ոստիկանների վերապատրաստման, կիբերհանցավորության, համացանցի միջոցով թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի մասին։
Քննարկվեցին նաև Հայաստանում պարեկային ծառայության գործունեության և մյուս մարզերում ծառայության ներդրման խնդիրները:
Վահե Ղազարյանը աջակցության համար շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին։ Ֆուկուշիմա Մասանորին իր հերթին պարեկային ծառայության աշխատանքի վերաբերյալ արձանագրեց տեսանելի դրական փոփոխությունները։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց ոստիկանության բարեփոխումների ընթացքը՝ նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները, օրենսդրական նախաձեռնությունները, որոշ հանցատեսակների դեմ պայքարի միջոցառումները։ Ներկայացվեցին նաև մարզերում պարեկային ծառայության ներդրման աշխատանքների մանրամասներ։
Հանդիպմանը քննարկվեցին համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
--00—ԶՀ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր