Իշխանությունն է որոշում՝ ում առաջադրել թեկնածու, ում՝ չէ. Անի Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

97adabeb-8058-4752-b6f3-50abaa8581a4.jpg

Իշխանությունն է որոշում՝ ում առաջադրել թեկնածու, ում՝ չէ, առաջադրում են, մենք քվեարկում ենք։ Այս մասին 24News-ին ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցութան քարտուղար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանին Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնում առաջադրելու հարցին։

Երեւանի քաղաքապետ, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում:

Ավագանու անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ առհասարակ որեւէ կերպ չեն վերաբերում առաջադրված թեկնածուներին։

Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրությունից առաջ և ընթացքում Ավինյանի կողմից վարչական ռեսուրս կիրառելու հավանականությանը, ապա Խաչատրյանն ասաց. «Մենք այստեղ ենք, որ թույլ չտանք վարչական ռեսուրս կիրառել»։

«Ես առանձին քաղաքական ուժ եմ ներկայացնում, որը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, հնարավորինս կանենք։ Ես չեմ կարող ասել՝ ինչ կանի Ավինյանը, ինչ չի անի։ Չեմ կարող գնահատել՝ Ավինյանը լա՞վ փոխքաղաքապետ կլինի, թե՞ վատ, մինչև աշխատանքը չտեսնենք», - նշեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։

Վերջինս ասաց, որ քաղաքապետի իրենց թեկնածուի մասին չեն հայտարարելու։ «Մենք անտարբեր որոշումներ ունենք առհասարակ, բայց երբեք չենք հայտարարում ոչ ժամանակին։ Հիմա ժամանակը չէ թեկնածու հայտարարելու, շատ էլ, որ մնացած ուժերը թեկնածու են հայտարարել։ Մենք դա կանենք ժամանակին», - եզրափակեց Անի Խաչատրյանը։

--00—ԶՀ